copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:55 16-10-2022

Կարեն Անդրեասյանի ձախողված «ԲԴԽ-ամուտը» և մեկշաբաթյա «ձեռքբերումները»

ԲԴԽ գալուց հետո Կարեն Անդրեասյանը «ինտենսիվորեն լծվել է աշխատանքի»։ Նախ, նա արագորեն հասցրեց ԲԴԽ անդամների, աշխատակիցների հետ հարաբերությունները փչացնել, ինչի հետևանքով Գրիգոր Բեքմեզյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, Դավիթ Խաչատուրյանը հայտարարեց, թե այլևս չի մտնելու այդ շենք, ապա Անդրեասյանը մի շարք աշխատակիցների փոխեց։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Կարեն Անդրեասյանը ընդամենը 6 ձայնով է դարձել նախագահ, այսինքն՝ նվազագույն ձայներով։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրա թեկնածությանը դեմ են քվեարկել դատավոր անդամներից Անի Մխիթարյանը, իրավաբան-գիտնականներից Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը և ևս մեկ անդամ։

Անդրեասյանի թեկնածությանը կողմ են եղել ինքը՝ Անդրեասյանը, իր տեղակալը՝ Երանուհի Թումանյանցը, Վիգեն Քոչարյանը, դատավոր անդամներ Մեսրոպ Մակյանը, Սերգեյ Չիչոյանը և ևս երկու անդամ։

Թերևս պատահական չէ, որ նման պայմաններում ԲԴԽ նախագահ դառնալուց հետո Անդրեասյանը անվտանգային միջոցառումներ է ձեռնարկում, թիկնապահներին ավելացնում, աշխատասենյակի մուտքի մոտ մետաղական դետեկտոր տեղադրում ։

Այլ «ձեռքբերումներ» ևս ունի Անդրեասյանը․ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում նա երեք բեկումնային որոշում է կայացրել, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի առաջընթացը ապահովել՝ թեկնածությունը ներկայացնելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան տեղափոխվելու համար, դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասով Գլխավոր դատախազության համար կանաչ լույս վառել՝ ասելով, որ քննվող գործը դատավորի լիազորությունների հետ կապ չունի, հանգիստ կարող եք քրեական հետապնդում իրականացնել։ Իսկ երրորդ քայլն իր ընկեր և գործընկեր՝ Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի միջոցով ինքն իրեն և ԲԴԽ անդամներին ամեն ամիս աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար տրամադրելու նախագիծ ներկայացնելն է։

Եվ իրոք, ինչո՞վ են պակաս ԲԴԽ նախագահն ու անդամները գործադիրի և օրենսդիրի պաշտոնյաներից, այդպես և՛ իր համար լավ կլինի, և՛ ԲԴԽ անդամներին լավություն կանի՝ ակնկալելով «հավատարմություն»։ Չէ՞ որ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ առջևում վարույթների տարափն է՝ հարուցված Անդրեասյանի, նրան փոխարինող Մինասյանի կողմից։

Օրինակ՝ հոկտեմբերի 17-ին պետք է քննվի Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը։ Բաղդասարյանը համակարգում և փաստաբանների շրջանում հարգանք վայելող դատավոր է, իսկ ամենաուշագրավն այն է, որ նրա դեմ վարույթը քննվում է կենսաթոշակի գնալուց ընդամենը մեկ շաբաթ առաջ․ ահա այսպիսի՝ ճիշտ Նիկոլ Փաշինյանի ոճով հիշարժան հրաժեշտ է կազմակերպել ԲԴԽ նախագահը հարգարժան դատավորի համար։