Արտաքին 3 տարի առաջ - 11:27 14-10-2022

ԵՄ-ն կշարունակի ներգրավվածությունը կարգավորման հասնելու համար. Բորելը հիշեցրել է՝ Ադրբեջանին կոչ են արել հետ քաշել զինված ուժերը

Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակներում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով ԵԽ պատգամավորների նամակին:

«Ես լիովին կիսում եմ իրավիճակի լրջության վերաբերյալ ձեր մտահոգությունները։ Օգոստոսի սկզբին և սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած զինված բախումները ցույց են տալիս, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ չափազանց փխրուն։ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»,-նշել է Բորելը:

Նա ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի նախագահը շարունակում է սերտ կապի մեջ լինել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ինքն էլ կապ է հաստատել երկու երկրների արտգործնախարարների հետ, հանձնարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին անհապաղ խորհրդակցություններ անցկացնել Երևանում և Բաքվում:

«ԵՄ-ն երկու կողմերին հորդորել է խստորեն պահպանել հրադադարը և կոչ է արել ադրբեջանական ուժերին անհապաղ վերադառնալ իրենց դիրքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների վերջին վարչական սահմաններին համապատասխան: ԵՄ-ն երկու կողմերին նաև խրախուսում է առաջընթաց գրանցել սահմանազատման և սահմանագծման հարցում, որը կարևոր է հետագա բախումների ռիսկը նվազեցնելու առումով»,-նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

Նա նաև նշել է, որ այս տարի ավելի վաղ կայացած նախնական հանդիպումներից հետո սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Բրյուսելում նոյեմբերին։

ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հատկապես հիմնվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած քառակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված արդյունքների վրա: Բորելը հիշեցրել է, որ երկրների ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպել են նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում և պայմանավորվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցում:

«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԵՄ-ն կշարունակի իր ներգրավվածությունը ամենաբարձր մակարդակներում՝ այս հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար»,- եզրափակել է Բորելը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում