Ըստ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնելու է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ հերթական գագաթնաժողովին, որի մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել, միայն կա տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանի հետ Աստանա է մեկնում նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Թե ինչ սպասել այդ հանդիպումից,
Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանն ասաց․ «Ես առիթ ունեցել եմ ասելու, որ սովորաբար, երբ արևմտյան մայրաքաղաքներից որևէ մեկում տեղի է ունեցել հանդիպում, դրան անմիջապես հետո հաջորդել է ռուսական կողմի նախաձեռնությամբ ևս մեկ հանդիպում։ Այս հանդիպումների շրջանակներում՝ Մարիա Զախարովայի հայտարարության արձագանքը Պրահայում տեղի ունեցած հանդիպումներին՝ տարբերվում է նրանով, որ հանդիպում նաև ՌԴ նախաձեռնությամբ է, որին պետք է հաջորդի հանդիպում նաև ՌԴ նախագահի հետ, ինչին ես սպասում էի իրականում»։
Պողոսյանի խոսքով՝ ռուսական կողմի արձագանքները այդ երևույթին վկայում է, որ ՌԴ-ն մտավախություններ ունի գործընթացից դուրս մնալու և դրանք են նաև, որ ստիպում են նաև, որ ռուսական կողմը հանդես գա նոր նախաձեռնություններով.
«Մենք տեսնում ենք, որ արևմտյան մայրաքաղաքներում հատկապես շահագրգռվածություն կա հնարավորինս արագ ինչ-որ համապարփակ համաձայնության հասնելու, սա բնականաբար ձեռնտու չէ ռուսական կողմին, որն ունի իր տեսլականը նոր համաձայնությունների, նոր պայմանագրերի վերաբերյալ և այս համատեքստում ՌԴ-ն փաստորեն Աստանայում պատրաստվում է, որոշակի նոր գործոններ հարգելով, առնվազն ստանալ խնդրի լուծումը, իսկ դրա մաքսիմումն այն է, որ ցանկանում է հասնել հայ-ադրբեջանական այնպիսի համաձայնության, որտեղ կշոշափվեն ռուսական շահերը։ Բայց այս պահին, ես կարծում եմ, որ ՌԴ գերխնդիրը մնում է այն, որ երկարաձգում է վերջնական որևէ պայմանագրի ստորագրում, որովհետև դրանք այս պահին չեն բխելու ՌԴ ռազմավարական շահերից, միևնույն ժամանակ շեշտեմ, որ վերջնական համաձայնագրի ստորագրումը չի բխելու նաև ՀՀ ռազմավարական շահերից, որովհետև ՀՀ-ն տարածաշրջանում ևս, լինելով ռազմական բալանսի հետևանքով պարտված կողմ, չի կարող այս պահին որևէ բան անել, ու ինչպես գործընթացներն են ցույց տալիս, ՀՀ իշխանությունները կամ ներկայացուցիչները չեն կարողանում լավագույնս սպասարկել ՀՀ և՛ մարտավարական, և՛ ռազմավարական շահերը, ուստի նաև սա հաշվի առնելով է, որ այս պահին ձեռնտու չէ վերջնական համաձայնագիր ստորագրել»։
Հարցին, թե քանի որ Փաշինյանը Աստանայում մասնավոր հանդիպումներ չի ունենալու, սակայն ամեն դեպքում չի՞ բացառվում, որ ինչ որ հանդիպումներ եւ խոսակցություններ տեղի ունենան, քանի որ Աստանայում են լինելու ԱՊՀ երկրների ղեկավարները, այդ թվում` Վլադիմիր Պուտինը, պատասխանեց.
«Նախ Վլադիմիր Պուտինն Աստանայում ակտիվ հանդիպումներ է ունենալու ոչ միայն հայկական կողմի հետ, միևնույն ժամանակ, կարծում եմ, եթե ոչ ֆորմալ, ապա ֆորմալ մակարդակում անպայման լինելու են հանդիպումներ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Ես կարծում եմ, որ հնարավոր է նաև եռակողմ հանդիպում, որը ՌԴ նախաձեռնությունը կարող է լինել, որ ստեղծվի նման պլատֆորմ, որտեղ էլ հենց շոշափվելու է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները և խնդրի հետագա լուծման ընթացքը։ Միևնույն ժամանակ շեշտեմ, որ մեր ժամանակը շատ քիչ է, քանի որ արդեն ՀՀ ԱԽ քարտուղարի՝ ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածության հրապարակումից հետո, որը իմիջայլոց, ռուսական կողմը սկսեց տարածել, նկատի ունեմ համաձայնության տեքստը, ստիպում է մտածել, որ մինչև տարվա վերջ այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու մասին կան մտադրություններ, և կարծում եմ, որ ռուսական կողմը դա փորձելու է հնարավորինս հարմարեցնել իր ռազմավարական շահերին և տեսլականին»։
Նշենք, որ ավելի վաղ նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր մեկնել Աստանա, ու այսօր նա հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։