Ներքին 3 տարի առաջ - 09:21 10-10-2022

Նիկոլ Փաշինյանը «Նինձյա Տիկոյին» անպաշտոն չի թողնի

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ իշխանությունները որոշել են անգործ չթողնել ԿԸՀ նախագահի պաշտոնավարումը ավարտող Տիգրան Մուկուչյանին։ Մեր տեղեկություններով, նա վերադառնալու է դատական համակարգ՝ ոչ ավել, ոչ պակաս նշանակվելով Վճռաբեկ դատարանի դատավոր։

Բանն այն է, որ իշխող քաղաքական մեծամասնությունը «Դատական օրենսգիրքն» այնքան է ձևախեղել յուրայինների համար, որ ցանկացած մեկին իր մատուցած ծառայությունների դիմաց կարող են խցկել համակարգ։ Մուկուչյանին ևս ըստ արժանվույն վարձահատույց են լինելու։

Մասնավորապես, որպես իրավաբան-գիտնական Մուկուչյանը չէր կարող դատավոր դառնալ, գիտությունների թեկնածու է դարձել 2015թ, դասավանդել է ընդամենը մեկ տարի՝ 2003-2004թթ Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, մինչդեռ բացի գիտական աստիճանից՝ պահանջվում է նաև վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդել կամ գիտական աշխատանք կատարել գիտական հաստատությունում։

Որպես նախկին դատավոր էլ Մուկուչյանը 6 տարվա փորձ ունի՝ 2005-2011թթ, մինչդեռ Վճռաբեկ դատարանի դատավորի դեպքում նշվում է՝ «վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն»։

Հետևաբար, նրա դեպքում հիմք կընդունվի մասնագիտական աշխատանքի փորձառության չափանիշը, փոփոխություն, որը «Դատական օրենսգրքում» իշխանությունները կատարել են մուկուչյանների և մյուս յուրայինների համար։

«Դատական օրենսգրքի» 132-րդ հոդվածում նշվում է, որ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով այն անձը, որն ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

1988-ի ցույցերի ժամանակ Տիգրան Մուկուչյանը հայտնի էր «Նինձյա Տիկո» անունով, քանի որ ցույցերին, որպես նժդեհական, գալիս էր նժդեհական գայլավաշտի համազգեստով՝ գլուխը սև շորով փակած։ Բայց հետո՝ կարիերային զուգահեռ, նժդեհականությունը, բնականաբար, մղվեց ավելի հետին պլաններ։

Նշենք նաև, որ Մուկուչյանը 1986-1987թթ․ սովորել և ավարտել է Երևանի թիվ 13 պրոֆտեխուսումնարանի «Ռադիոէլեկտրոնային սարքերի մոնտաժող» բաժինը: Ծառայությունից վերադառնալուց հետո է նա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը ավարտել։

Իր աշխատանքային գործունեությունը սկսել է իբրև ֆրեզերագործի աշակերտ, Գերագույն խորհրդում աշխատել է էլեկտրամոնտաժող, ավագ վիճակագիր, ավագ խորհրդատու, ԱԺ իրավաբանական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար:

1 տարի աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ իրավաբանական բաժնի պետ, գլխավոր խորհրդական, քաղաքապետի աշխատակազմի ղեկավար։

1996-1998թթ․ հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, եղել է Արդարադատության նախարարի տեղակալ, 2005թ-ից արդեն սկսում է նրա դատավորի կարիերան՝ որպես դատարանի նախագահ, իսկ 2011թ-ից արդեն դառնում ԿԸՀ անդամ-նախագահ։

Նշենք նաև, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, մասնավորապես՝ 132-րդ հոդվածը իշխող քաղաքական մեծամասնությունը փոխել է մի քանի անգամ՝ ամեն անգամ հարմարեցնելով որևէ թեկնածուի։ 2021 թ. փետրվարի 10-ին դարձյալ փոխեցին, «դոկտոր» բառը փոխարինելով «իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող» բառով՝ իբր բացի դոկտորից էլ մի քանի հատ աստիճաններ կան, ամաչել էին գրել՝ թեկնածու։ Այս հիմքով նույն կերպ իրենց յուրային ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանին ևս խցկեցին Վճռաբեկ դատարան՝ մերժելով դոկտոր Արմեն Հայկյանցին և այլոց։ Այս խնդրին ավելի վաղ անդրադարձել էինք, այն հակասահմանադրական է իր էությամբ, քանզի ԲԴԽ-ն չի կարող դատական համակարգի համար առաջխաղացման հարթակ լինել, այլապես գիտնականները սկսելու են հարմարվողական դիրք ունենալ՝ «Ապագա կա» սկզբունքով, ինչը և անում են։