Ինչպես հայտնի է, ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամ ընտրված Կարեն Անդրեասյանն այսօր արդեն ընտրվեց ԲԴԽ նախագահ։
Oragir.news-ին հայտնի դարձավ, որ Անդրեասյանը ընտրվել է միաձայն, այսինքն՝ նրա թեկնածությանը կողմ են քվեարկել բոլոր իրավաբան-գիտնականները եւ դատավոր անդամները, մինչդեռ ընդամենը 7 ձայնը բավարար էր ընտրվելու համար։ Իհարկե, տարակուսելի է, որ ԲԴԽ անդամների մոտ ոչ միայն կասկածներ, անհամաձայնություն չկա Անդրեասյանի թեկնածության շուրջ, այլեւ բարձր վստահությամբ նրան դարձրել են նախագահ։
Բավական է նշել, որ երբ դեռ Անդրեասյանը ընդամենը առաջադրված էր թեկնածու, այն էլ՝ Սահմանադրության դրույթների էության ակնհայտ շրջանցմամբ, նրա կուսակիցները բացահայտ խոսում էին վերջինիս՝ ԲԴԽ նախագահ ընտրվելու մասին, ինչը ԲԴԽ-ի բացառիկ լիազորության տիրույթում է: Այսինքն՝ սա նշանակում է, որ ՔՊ-ն արդեն իսկ կանխորոշել էր ԲԴԽ-ի «անկախ» ընտրությունը և ի սկզբանե ընդգծում է, որ հետագայում ևս որոշումները պետք է կայացնել Կ.Անդրեասյանի հրահանգով՝ որպես վստահելի «պերսոնայի»: Այսինքն՝ շարունակվելու է նույն արատավոր պրակտիկան, ինչ Ջհանգիրյանի օրոք:
Այժմ արդեն Անդրեասյանը ձեռնամուխ է եղել ԲԴԽ-ում կադրային փոփոխություններ իրականացնելուն։ Մեզ հայտնի դարձավ, որ նա թիմ է հավաքում, որ ԲԴԽ-ի աշխատակազմի առանցքային պաշտոններին նշանակումներ անի։