ԵՄ դիտորդական խումբը չունի մանդատ, զինված չէ, գործելու է երկու ամիս՝ զավեշտ է․ քաղաքագետ
copy image url

ԵՄ դիտորդական խումբը չունի մանդատ, զինված չէ, գործելու է երկու ամիս՝ զավեշտ է․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 13:39 07-10-2022
ԵՄ դիտորդական երկամսյա առաքելությունը մեր անվտանգության երաշխավորման տեսակետից զավեշտ է․ Oragir.news-ի հետ զրույցում նշեց պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը՝ մեկնաբանելով Պրահայում երեկ ընդունված հայտարարության այն դրույթը, որով հոկտեմբերից սկսվելու է ԵՄ դիտորդական խմբի առաքելությունը Հայաստան-Ադրբեջան դե ֆակտո շփման գծում։

«ԵՄ դիտորդական խումբը չունի հաստատված մանդատ, զինված չէ, գործելու է ընդամենը երկու ամիս ժամկետով և որևէ կերպ չի կարող ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը։ Առավելագույնը, ինչ կարող է անել՝ զեկուցումներ ներկայացնել Եվրոպական միության ղեկավարներին՝ ասելով, որ այստեղ կամ այնտեղ խախտում եղավ։ Թե ինչպիսին կլինեն այդ զեկույցները, պարզ չէ։ Կհասցնե՞ն գրանցել խախտումները, պարզ չէ։ Դրա հետևանքը ինչ է լինելու՝ պարզ է՝ ձգձգումներ, ինչ-որ անատամ հայտարարություններ, լավագույն դեպքում դատապարտումներ ադրբեջանական հերթական ներխուժումների․ և վերջ։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ դիտորդական առաքելություններն այն գոտիներում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են մղվում, միշտ էլ անարդյունավետ են։ Միշտ։ Օրինակ, վերջին անգամ Ուկրաինա-Ռուսաստան սահմանին կար ԵԱՀԿ դիտորդական առաքելություն․ ի՞նչ եղավ, պատերազմ, և ի՞նչ արեց այդ դիտորդական առաքելությունը՝ կարողացա՞վ կանխել որևէ բան»,- նշեց Այվազյանը։

Դիտարկմանը, որ ռուսական խաղաղապահներն էլ ոչինչ չեն անում՝ նա հակադարձեց, որ դա հիմք չէ ենթադրելու, թե ԵՄ-ի դիտորդները կանեն․ «Եթե ռուսականը չի անում, այս դիտորդակա՞նը պիտի անի։ Զավեշտ է կարծելը, որ եթե ռուսականը չի աշխատում, կաշխատի եվրոպականը»։

Դիտարկմանը, թե գուցե մեր իշխանությունները մտածում են՝ «մրցակից»-դիտորդները ռուսական ուժերին կստիպեն առավել գործուն քայլեր անել մեր երկրի սահմանները պաշտպանելու համար՝ Այվազյանն արձագանքեց․ «Չեմ կարող ասել՝ ինչ են մտածում։ Բայց մենք տեսնում ենք՝ ինչ է լինելու։ Այսօր էլ կրակում են, անասուններ են գողանում․․․ և սա շարունակվելու է։ Ալիևն էլ հայտարարել է, որ իրենք պիտի վերականգնեն (restore բառն անգլերենով նշանակում է վերականգնել) և՛ Արցախը, և՛ Սյունիքը։ Այսինքն՝ մարդը պաշտոնապես ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ իրեն արդեն Արցախը քիչ է, Սյունիքն էլ է պետք։ Սա բանակցությունների անմիջական արդյունքն է։ Դիտորդական խումբ-բան, դատարկ բաներ են։ Թող գնան-ուսումնասիրեն դիտորդական խմբերի և, առհասարակ, խաղաղապահների համաշխարհային պատմությունը՝ թեկուզ միայն վերջին երեսուն տարվա։ Դրանք կարող են արդյունավետ լինել որոշ դեպքերում, բայց՝ ոչ մեր դեպքում, և սա շատ պարզ է արդեն։ Պարզապես մարդիկ ոչ միջազգային հարաբերություններ գիտեն, ոչ ուզում են սովորել, ուղղակի կատարում են այն, ինչ թելադրվում է իրենց»։

Եվ այս պարագայում, ինչպե՞ս լուծել մեր անվտանգային խնդիրը՝ հարցին նա կտրուկ պատասխանեց․ «Պետք է ժողովրդով զինված դիմադրություն ցույց տանք՝ կանգնելով մեր բանակի կողքին։ Սա է։ Ինքնապաշտպանության պետք է պատրաստվել, կազմակերպել համապատասխան ուժեր՝ աշխարհազորի տեսքով, այլ բոլոր միջոցներով։ Պետք է հետ շպրտել թշնամուն՝ նրան պատճառելով ցավոտ կորուստներ։ Ուրիշ ճանապարհ գոյություն չունի։

Հիշեցնենք, որ Պրահայում երեկ ընդունվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունը, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ հայտարարությամբ արձանագրվում է նաև, որ ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկսվի հոկտեմբերին և կտևի առավելագույնը երկու ամիս։ Նշվում է, որ Ադրբեջան համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա՝ փաստացի իր համար ստեղծելով կամայական մոտեցման հիմք։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված