Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան, սակայն հակառակորդը թույլ չի տալիս աճյունները հանել. ԳՇ պետի տեղակալ
copy image url

Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան, սակայն հակառակորդը թույլ չի տալիս աճյունները հանել. ԳՇ պետի տեղակալ

Ներքին 2 տարի առաջ - 20:01 29-09-2022
Ադրբեջանական հերթական ագրեսիան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո արդեն երրորդ լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում Հայաստանի բնակեցված շրջանների դեմ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանը սկսել է երեք ուղղություններով բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ: Մարտական գործողությունները միանգամից սկսվել է ցամաքային զորքերի հարձակողական գործողություններով, որոնք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով և անօդաչուների կրակային աջակցությամբ:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունից, մնացած փաստաթղթերից հետո սա արդեն 3-րդ նման լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում մեր բնակավայրերի դեմ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդում է, թե իբր իրենց վերջին գործողությամբ իրենք ստիպված նախահարձակ են եղել, որպեսզի կասեցնեն ՀՀ ԶՈՒ-ի ինչ-որ երևակայական գործողություններ: Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈՒ-ի կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել և չի էլ կարող լինել, քանի որ դա հակասում էր մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»,-հայտարարեց ԳՇ պետի տեղակալը:

Նա ընդգծեց, որ փոխարենը ադրբեջանական կողմից ռազմաքաղաքական ղեկավարները բազմիցս նշում են, թե Հայաստանն ամբողջությամբ իրենց պատմական տարածքն է, իսկ այս տարածաշրջանը միշտ ընդգծված կերպով նշվում է որպես «Բասարգեչար»:

«Գործողությունները երեք ուղղություններով հիմնականում ուղղված էին խիստ բնակեցված շրջանների դեմ՝ մի պարզ նպատակով՝ դեռևս 2021-ի մայիսի 12-ից սկսած ուղղվածությունը հենց բնակավայրերի կողքին է՝ նպատակ ունենալով ստիպել սահմանամերձ շրջանների ազգաբնակչությանը լքել իրենց զբաղեցրած տարածքները: Այսօր արդեն բավականին բարդ է գյուղացիների համար մշակել իրենց հողերը կամ զբաղվել անասնապահությամբ սահմանամերձ շրջաններում»,-ասաց Մարտիկյանը:

Նա հայտարարեց, որ Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան:

«Վերին Շորժայի ուղղությամբ դեռևս զոհված զինվորների մարմիններ են մնացել, և Հայաստանի զինված ուժերը գիտեն, թե որտեղ են դրանք գտնվում: Սակայն Ադրբեջանի ԶՈՒ–ն ինտենսիվ կրակով է պատասխանել հայկական կողմի` մարմինները դուրս բերելու բոլոր փորձերին»,-հավելեց Մարտիկյանը: