Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ստեղծված պայմաններում այսօր մի շարք համայնքներում ուսումնական գործընթաց չի իրականացվել։
Արդեն երեկոյան ԿԳՄՍՆ-ն հայտնեց, որ որոշում է կայացվել Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով:
Նշենք, որ մինչ այս հայտարարությունը այսօր շատերը անգամ մայրաքաղաքում ու մյուս քաղաքներում վախեցել են երեխաներին դպրոց ուղարկել։
Ինչ վերաբերում է թշնամու կողմից թիրախավորվող քաղաքներին, ապա այնտեղ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Դեռ կեսգիշերից կարգի են բերում ապաստարանները, մարդիկ կազմ-պատրաստ սպասում են տագնապ ազդանշանին, որպեսզի պատսպարվեն, ոմանք արդեն լքել են քաղաքը՝ գնալով համեմատաբար խաղաղ բնակավայրեր։ Հատկապես մեծ հոսք է եղել Ջերմուկ քաղաքից, որտեղ հրետակոծության հետեւանքով քաղաքի կենտրոնում գտնվող հյուրատների ապակիներ են անգամ ջարդվել։
Շատ ավելի դժվար է Կապանից այլ բնակավայր տեղափոխվելը։ Մայրաքաղաքին կապող այլընտրանքային ճանապարհը նույնիսկ սովորական պայմաններում է վտանգավոր, կուտակումներ են լինում, ուր մնաց պատերազմական իրավիճակում։ Դրանից բացի՝ թե՛ այդ ճանապարհը, թե՛ արդեն դրան Սիսիանի, Ջերմուկի ճանապարհները եւս պակաս վտանգավոր չեն։ Այդ է պատճառը, որ այլընտրանքային ճանապարհով տարհանելը շատ ավելի ռիսկային է, քան սեփական բնակավայրերում մնալը։