Վլադիվոստոկում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր խոսեց ազգերի ինքնորոշման իրավունքի մասին և այն տեղայնացրեց Լուգանսկի և Դոնեցկի վրա՝ բերելով Կոսովոյի օրինակը։ Իսկ նրա կողքը նստած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրռ լսում էր։
«Հիմա շատերն ասում են, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը։ Ես կարծում եմ, որ դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Ո՞վ է սկսել Իրաքի պատերազմը, ո՞վ է ավերել Հարավսլավիան, ով է սկսել պատերազմը Եվրոպայի կենտրոնում՝ ռմբակոծելով Բելգրադը։ Ոչ ոք այն ժամանակ չէր հիշում միջազգային իրավունքի սկզբունքների մասին։ Ես ձեզ մի շատ պարզ շղթա ցույց կտամ՝ կապված միջազգային իրավունքի հետ։ ՄԱԿ-ի կանոնադրությունը խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Կոսովոյի ճգնաժամի ընթացքում ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդունել է որոշում, որ եթե երկրի ինչ-որ տարածք ցանկանում է անկախություն հռչակել, ապա այդ մասը պարտավոր չէ թույլտվություն հարցնել այդ երկրի կենտրոնական իշխանությունից։ Դա կիրառվել է Կոսովոյի դեպքում, Դոնեցկի և Լուգանսկի դեպքում ինչո՞ւ նույնը չի կարելի կիառել, ամեն ինչ նույնն է։ Եթե նրանք այդ իրավունքն ունեն, իսկ նրանք ունեն այդ իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, և ազգերի ինքնորոշման իրավունքի համաձայն, ապա նրանք իրացնում են իրենց այդ իրավունքը, հռչակում են իրենց անկախությունը։ Ունե՞ն դրա իրավունք՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն․ իհարկե ունեն, և այդ որոշումը հաստատվել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախադեպային որոշմամբ, որը կիրառվել է Կոսովոյի դեպքում։ Եթե նրանք դրա իրավունքն ունեն և դա արել են, ապա մենք և ցանկացած այլ երկիր ունե՞նք իրավունք նրանց անկախությունը ճանաչելու․ այո՛, ունեն, և մենք ճանաչել ենք։ Եթե մենք նրանց անկախությունը ճանաչել ենք, ապա կարո՞ղ ենք նրանց հետ կնքել միջազգային համաձայանգրեր՝ կապված համագործակցության և փոխադարձ օգնության հետ․ իհարկե կարող ենք, և մենք կնքել ենք։ Այդ պայմանագիրը վավերացվել է թե ՌԴ խորհրդարանի, թե՛ նրանց խորհրդարանների կողմից, և Ռուսաստանի վրա կոնկրետ պարտավորություններ են դրված՝ օգնություն ցուցաբերելու հետ կապված, այդ թվում ագրեսիայի դեպքում»,- ասաց Պուտինը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանին հարցրիքն՝ արդյոք այս խոսքերը Փաշինյանին էին ուղղված՝ նկատի ունենալով, որ վերջինս գրեթե պաշտոնապես ձեռք է քաշել Արցախի ինքնորոշման իրավունքից։
«Գուցե նման նյուանս կար, բայց գուցե և չկար։ Առաջին անգամ չէ, որ Պուտինը նման ելույթ է ունենում, նա բազմիցս այդ խոսքերը տարբեր առիթներով կրկնել է, և, կարծում եմ, առաջին հերթին իր այդ խոսքերը ուղղված են միջազգային հանրությանը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը այդքան արժեք չունի իր մոտ, և հիմնական պատճառը ուկրաինական պատերազմին է վերաբերում։ Ինքը Կոսովոյի օրինակը բերում է Դոմբասի պատերազմը հիմնավորելու համար, այսինքն՝ դա է եղել հիմնական պատճառը, և այդ ֆորումը վերաբերում էր ուկրաինական պատերազմին և ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներին՝ գազի, էներգակիրների, ինֆլացիայի և այլն։ Դա առաջին հերթին Արևմուտքի երկրներին է ուղղված։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը կողքին նստած էր, ապա դա արդեն երկորդ երանգն է ստանում, և դա ուղղված էր ոչ միայն Փաշինյանին, այլևս Հայաստանի նախորդ ղեկավարներին, որոնք Արցախի անկախությունը չեն ճանաչել, և դրա մասին ինքը նույնպես մի քանի անգամ ելույթ է ունեցել պատերազմից հետո։ Եվ եթե Դուք ուշադիր եք եղել, ապա նաև պատերազմից մի քանի ամիս առաջ ռուսական պետական հեռուստատեսությամբ, նույն Սոլովյովի հաղորդումներում հյուրերը Հայաստանին կոչ էին անում, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը, և այդ հաղորդումներում պատահական մարդիկ չէին, Կրեմլի կարծիքն էին արտահայտում, և անընդհատ պնդում էին, որ ճանաչեք Արցախի անկախությունը, ուղղակիորեն, բաց տեքստով ասում էին։ Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանը ներկա էր, սա երկորդ նյուանսն ունի, և դա ուղղված է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաև Հայաստանի նախորդ ղեկավարներին, որոնք համարձակություն չունեցան ճանաչել Արցախի անկախությունը, և դրանով այլ հարություն տեղափոխելով հարցը, որովհետև երբ ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկը ճանաչում է երկրի անկախությունը, դա արդեն այլ որակի, այլ հարթության կոնֆլիկտի է վերածվում և ավելի մեծ հնչեղություն է ստանում։ Առավել ևս որ Կոսովոյի օրինակից բացի մենք նաև ունենք Հարավային Կիպրոսի օրինակը։ Սա նաև հայ ժողովրդին է ուղղված, որ դուք համարձակ չեք գտնվել ձեր տեսակետը առաջ տանելու և ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Դանիելյանին հարցրինք՝ գոնե Պուտինի ասելուց հետո Փաշինյանը պե՞տք է բարձրացներ Արցախի ինքնորոշման հարցը։
«Եթե Դուք հետևում եք Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ելույթներին, ապա նրանց մոտ կատաստրոֆիկ զգացողություններ են պարտությունից հետո, և իրենց համար 1 վախը Ադրբեջանի և նրա հետևում կանգնած Թուրքիայի և Բրիտանիայի քայլերն են, որ ամեն մի դեպքում ագրեսիա են անում, զինվորներ են սպանում, ռմբակոծում են Արցախը, և որևէ պատասխան Հայաստանը չի կարողանում տալ։ Այս իշխանության դեպքում և այս իրավիճակում ես չեմ տեսնում, որ նման քայլ կամ նման խոսակցություն կբացի Հայաստանի ղեկավարությունը»,- պատասխանեց քաղաքագետը։։