Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:08 01-09-2022

Ակադեմիական քաղաք վաղուց արդեն գոյություն ունի․ Ռուբեն Հայրապետյանը՝ բուհերը Աշտարակ տեղափոխելու վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կրճատել պետական բուհերը՝ դրանց թիվը հասցնելով 8-ի, և տեղափոխել Աշտարակ քաղաք։

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք պետական բուհերի կրճատումն ու այլ քաղաք տեղափոխելը կարելի է համարել բուհական համակարգի բարեփոխում։

«Ես մի առիթով նշել էի, որ բուհերի տարածքի տեղափոխության հարցն այսքան բուռն քննարկելը նույնն է, ինչ քննարկել, թե առանց շարժիչի մեքենան ինչ գույն ներկել, որ այն լավ ընթանա։ Ակադեմիական քաղաք հիմելու հարցը քննարկելիս մենք շատ հաճախ մոռանում ենք, որ այն գոյություն ունի արդեն վաղուց, որովհետև, ըստ Թամանյանի պլանի՝ Երևան քաղաքում նախատեսված է համապատասխան հատված՝ Երիտասարդական մետրոյի շրջակայքում, որտեղ և, ինչպես գիտեք, տեղակայված են տարբեր համալսարաններ, որն ավարտվում էր նախկին երիտասարդական պալատով, որտեղից եթե Աբովյան փողոցով իջնենք, այնտեղ են տեղակայված Ագրարային համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը, Բժշկական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Տնտեսագիտական համալսարանը։ Այսինքն՝ ըստ էության, մենք ունեցել ենք և ունենք ակադեմիական քաղաքի ինչ-որ մի մոդել, որովհետև «ակադեմիական քաղաք» կոչվածը, որն ԱՄՆ-ում անվանում են «college town» կամ «university town», դա անհրաժեշտաբար առանձին քաղաք չէ, այլ կարող է լինել մի թաղամաս, քաղաքի մի հատված, որտեղ կենտրոնացված են տարբեր բուհեր ու գիտահետազոտական կենտրոններ, դրա օրինակներից է նաև Օքսֆորդ քաղաքի «High Street»-ը, որը կրկին համարվում է «Քոլեջ թաուն», այսինքն՝ համալսարանական քաղաք։ Հետևաբար պետք է ճիշտ ձևակերպել․ մենք ոչ թե ակադեմիական քաղաք ենք հիմնում, այլ գոյություն ունեցող ակադեմիական քաղաքը Երևանի կենտրոնից տեղափոխում ենք Աշտարակ, և եթե այս հարցին նայում ենք ընդհանրապես Հայաստանի տարածքային համաչափ զարգացման առումով և Երևանի բեռնաթափման առումով, ապա ես ոչ միայն դեմ չեմ, այլև կարծում եմ, որ շատ պետական հաստատություններ, ոչ միայն պետական բուհերը, ժամանակի ընթացքում պետք է Երևանից տեղափոխել այլ քաղաքներ, մարզեր՝ սա իհարկե, երկարաժամկետ քաղաքականության շրջանակում, բայց դրանով լուծել բարձրագույն կրթության գոյություն ունեցող խորքային խնդիրները, ինձ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես։

Անհասկանալի է նաև, թե, օրինակ, նույն իշխանությունը, որը հայտարարում է բուհական համակարգը բարեփոխելու անհրաժեշտության մասին, 4,5 տարիների ընթացքում ինչո՞ւ որևէ իրական քայլ չի կատարել այդ ուղղությամբ, ի՞նչն էր խանգարում, որ մենք նորից այսքան ժամանակ կորցրինք։ Արդյոք բուհերի ֆիզիկական տեղակայվածությո՞ւնն էր խանգարում, որ, օրինակ, լավագույն մասնագետները հնարավորություն ստանային հենց Երևանի կետրոնում՝ Երիտասարդականի շրջակայքում գտնվող պետական բուհերում դասավանդել, և իրենց փորձը փոխանցել ուսանողներին։ Արդյոք բուհերի աշխարհագրական դի՞րքն էր խնդիրը, որ տարիներ շարունակ ուղղակի կոպտորեն խախտվում է բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությունը և այդ լավագույն մասնագետները ուղղակի հնարավորություն չեն ստանում ինչպես օրենքով է ամրագրված, մրցութային ընտրության միջոցով կատարել դասախոսական աշխատանք, և ըստ էության՝ իրենց ներգրավվածությամբ բարձրացնել կրթության որակը։ Արդյոք տարա՞ծքն էր պատճառը, որ մինչև այժմ շարունակվում է բուհերում դասախոսների նշանակումը կատարվել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, հավիտենապես նշանակվելու տրամաբանությամբ։

Եվ ի վերջո, ինչո՞ւ միայն 4,5 տարի անց իշխանությունը պետք է գար այն գիտակցությանը, որ բոլոր խնդիրների հիմքը կրթությունն է, և ժամանակն է արմատական բարեփոխումներ կատարելու։ Այսինքն՝ այն ժամանակ դեռևս պարզ չէ՞ր, թե ինչ կարևորության խնդրի մասին ենք խոսում առհասարակ։ Պարզ չէ՞ր, որ եթե 5 տարի առաջ մենք այդ բարեփոխումները չենք անում, այսօր արդեն բախվում ենք լրջագույն խնդիրների, որոնց մի մասն արտահայտվում է ընդունելության վերջին տարիների խայտառակ պատկերով, ինչն, իհարկե, բազմագործոն խնդիր է, բայց շատ վառ կերպով արտահայտում է այն վճռականության պակասը, այն թուլակամությունը, որը մենք դրսևորել ենք տարիներ շարունակ։

Ամփոփելով ասեմ, որ ցանկացած մոդելի դեպքում, անկախ նրանից՝ դա աշտարակում գտնվող ինչ-որ հիփոթետիկ ակադեմիական քաղաք է, թե Երևանի կենտրոնում այս պահին գոյություն ունեցող ակադեմիական թաղամասը, երկու մոդելի դեպքում էլ կարելի է ունենալ շատ լավ ակադեմիական կրթություն և խայտառակ վատ բարձրագույն կրթություն, կեղծ բարձրագույն կրթություն։ Այս պահին մենք գործ ունենք կեղծ բարձրագույն կրթության հետ, որը իրականացվում և կազմակերպվում է Երևանի կենտրոնում։ Եթե մենք պլանավորում ենք այդ քաղաքը, բայց մյուս գործոնները չեն փոխվում, ապա այդտեղ բարձրագույն կրթության բարեփոխման մասին խոսելը ուղղակի նմանվում է զավեշտի»,- ասաց Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
08:53 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ Հրապարակ