««Սասնա Ծռեր»-ը, «Ազգային Ժողովրդական Բևեռ»-ը, Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը, Արամ Սարգսյանը բազմիցս արտահայտել են հակառուսական կարծիքներ և տարածել հայ-թուրքական բարեկամություն՝ այդպիսով գեներացնելով ընդհանուր ալիքը։ Ընդ որում հետաքրքիր է, որ այս գործիչները ժամանակ առ ժամանակ հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ չտեսնելու համար, որ հակառուսական հիստերիան հովանավորվում է ամենաբարձր տեղերից, պետք է ուղղակի կույր լինել»,-այս մասին
Oragir.news-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:
Նա անդրադարձավ երեկ Երևանում ՌԴ դեսպանատան բողոքի նոտային, որը դեսպանատունը հղել էր Հայաստանի ԱԳ նախարարությանը՝ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած աղետալի դեպքերի հետ կապված ռուսական կառույցների հասցեին հայաստանյան որոշ շրջանակների կողմից հնչեցված մեղադրանքների կապակցությամբ։
«Ռուսաստանից բողոքը եղել է ոչ թե մեկ, այլ կոնկրետ մի քանի դեպքի հետ կպված, և այդպիսով վերջնական որոշել են իրենց կարծիքն արտահայտել հակառուսական քարոզչության դեմ։ Այն, ինչ ուղղվում է ռուս խաղաղապահների դեմ, օգտվելով նրանց որոշակի սխալներից, նաև հայտարարելով իբրև խաղաղապահները անվտանգություն չեն ապահովում, և նրանք ադրբեջանցիների կամակատարներն են, այդպիսով ստեղծվում է հակառուսական տրամադրություն։ Դա պետական հովանավորչություն է։ Հակառուսական տրամադրությունները ուղղորդում են նաև Նիկոլ Փաշինյանը կամ Հայաստանի ԱԳՆ-ն՝ բազմիցս փորձելով տարբեր հարցերում մեղադրել խաղաղապահներին։ Սա, էլի եմ ասում, բարձր տեղերից հովանավորվող հակառուսական քարոզչություն է, և այս ամենի համար բերվել են իշխանության այն մարդիկ, ում կենսագրությունը շատ դեպքերում հակառուսականությամբ է լցված»։
Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում հակառուսական տրամադրություն ստեղծելը, Քոչարյանն ասաց․ «Հակառուսական տրամադրությունների գեներացնելն ու տարածելը Հայաստանում ունի հիմնականում մեկ նպատակ․ Ռուսաստանին տարածաշրջանից հանել և այնուհետև անցնել Պարսկաստանի լիակատար տոտալ շրջափակմանը, որը հետապնդում է արևմտյան գեո քաղաքականությունը։ Եվ ուրեմն Ռուսաստանը Հայաստանում ներկայացված է, այսպես ասած, երկու մասով․ դա Գյումրու ռուսական ռազմաբազան է և Ռուսաստանի սահմանապահ կոնտիգենտը Արցախում։ Հակառուսական տրամադրություները գեներացվում են երկու ուղղությամբ։ Արցախի ուղղությամբ գեներացվում է այն, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում և չեն ապահովվում Հայաստանի բնակչության անվտանգությունը և դրան գումարում է նաև ադրբեջանական քարոզչությունը առ այն, որ հայերի մեջ խուճապ տարածեն և լքեն Արցախը։ Նպատակը մեկն է՝ ստեղծել պայմաններ, որ Ռուսաստանի խաղաղապահները չունենան բավարար հիմնավորում այնտեղ գտնվելու՝ հորդորելով՝ եթե Հայաստանի բնակչությունը այնտեղ չկա, ուրեմն խաղաղապահների այնտեղ մնալն անիմաստ է դառնում։ Հաջորդը՝ այնպես անել, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, այսինքն՝ Հայաստանը չդիմադրի այդ գործընթացին և չապահովի Արցախի անվտանգությունը առնվազն քաղաքական առումով, և այստեղ ևս նախադրյալ են ստեղծում, որ Հայաստանին Արցախից հանեն, որովհետև եթե Արցախը դառնա Ադրբեջանի մաս այդ դեպքում Ալիևը դառնում է Արցախում ապրող բնակչության նախագահը, և նա կարող է ասել․ իրենք իմ քաղաքացիներն են, և ես եմ այսուհետ ապահովելու իմ անվտանգությունը։ Եվ մյուս ճանապարհը՝ Հայաստանից հանել ռուսական ռազմաբազան և քարոզչությունը լինի առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունները նորմալ են, և Ռուսաստանի պաշտպանության կարիքը մենք չենք զգում։ Սա հակառուսական քարոզչության հիմքերն են։ Մնացածն արդեն տեխնոլոգիաներ են, որոնց միջոցով այդ տրամադրությունները դեգեներացնում են՝ համապատասխանեցնելով այս տրամաբանությանը»,-եզրափակեց Քոչարյանը։
Անի Ներկարարյան