Ներքին 2 տարի առաջ - 09:02 08-02-2024

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Գագիկ Գինոսյանի կենսագրությունը

Փետրվարի 6-ին մահացել էր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքում հայտարարություն է տարածել, որում ներկայացվել է Գինոսյանի կենսագրությունը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 2024 թ․ փետրվարի 6-ին 58 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրական պարերի մասնագետ, ՀՀ ԿԳՄՍՆ «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի» պարուսույց, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը։

Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում։

1982 թվականին ավարտելով Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցը՝ աշխատանքի է անցել Ախալցխայի շարժական մեխանիզացված շարասյունում` որպես բանվոր։

Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը, որն ավարտել է 1990 թվականին։

1987 թվականից Գագիկ Գինոսյանը սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի հիմնադրած «Վան» ազգագրական խմբում։

1996-1999 թվականներին աշխատել է Գյումրու «Շանթ» հեռուստառադիո ընկերության երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն։

2001 թվականին Գագիկ Գինոսյանը հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։

2011 թվականին «Ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար» Գագիկ Գինոսյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
2007 թվականին հիմնել է «Ազգագրության թատրոնը» և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակած և Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» և «Վարք հայոց» ներկայացումները։

2014 թվականին բեմադրել է «Խաչ պատերազմի» հեղինակային ներկայացումը։

Ավանդական երգերի և պարերի պահպանման, մշակման և հանրայնացման նպատակով հիմնադրել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը։

Պետական աջակցությամբ հեղինակել է «Ազգային երգ ու պար» առարկայական ծրագիրը, որը տարիներ շարունակ ուսուցանվել է հանրակրթական դպրոցներում:
Երկար տարիներ զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Գրի է առել բազում պարերի նկարագրություններ և վերականգնել 36 ազգային պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» համույթը։

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Գագիկ Գինոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։
Մասնակցել է Արցախյան պատերազմին։

2006 թվականին լույս է տեսել Գ.Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜ւյն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծությունները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը՝ Արցախյան պատերազմի մասին։

Գագիկ Գինոսյանը տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական պարգևների:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իր խորին վշտակցությունն է հայտնում Գագիկ Գինոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին:

Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին կտեղեկացվի լրացուցիչ»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան