Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:01 18-08-2022

Հայաստանի իշխանություններն ընդունում էին ցավակցությունները, բայց չէին շտապում իրենք ցավակցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը միայն 5 օր անց է ցավակցական ուղերձ հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին։ Պայթյունի հաջորդ օրը Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ էր հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալոիս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին Ազգային տոնի առթիվ, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրաուպադի Մուրմուին Հնդկաստանի Անկախության 75-ամյակի կապակցությամբ, Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ, երեկ էլ շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ, մինչդեռ ողջ աշխարհը Հայաստանի իշխանություններին ցավակցում էր աղետի կապակցությամբ։ Վերջիններս էլ, սեփական ժողովրդին ցավակցելու փոխարեն, զբաղված էին սրան-նրան շնորհավորելով, ինչն ընդամենը դիվանագիտական արարողակարգ է, և նույնիսկ պաշտոնական լրահոսով դա հաղորդելու որևէ իմաստ չկա։

Ցանկացած երկրում, որտեղ Հայաստանն ունի դիվանագիտական ներկայացուցչություն, այդ երկրի պետական տոնից 15 օր առաջ տեղի դեսպանատունը շնորհավորական ուղերձը փոխանցում է Հայաստանի ԱԳՆ-ին, վերջինս այն ներկայացնում է Հայաստանից շնորհավորող պաշտոնյային, նա էլ ընդամենը ստորագրում է։ Ստացվում է, որ նախագահը ինչ-որ երկրի պետական տոնի առթիվ շնորհավորական ուղերձը ստորագրելը համարել է հատկանշական իրադարձություն և դրա կապակցությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել, իսկ իր երկրում տեղի ունեցած աղետին հարկ է համարել արձագանքել միայն 5 օր հետո, երբ այլ երկրի ղեկավարները հենց պայթյունի օրն էին արձագանքել։

Ֆեյսբուքյան իր էջում երեկ՝ պայթյունից 4 օր հետո, ցավակցական ուղերձ էին հղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության անդամները այսօր տեղի ունեցած նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ են հարգել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակը, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հենց պայթյունի օրն էր ցավակցել վարչապետ Փաշինյանին, սակայն վարչապետը մինչ երեկ այդ դեպքի առնչությամբ զոհերի հարազատներին ցավակցություն չէր հայտնել։

Մինչ օրս լուռ են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը պայթյունի օրը «Սուրմալու»-ում թիկնազորով ժապավեններ էր կապում, ՀՀ առաջին և երրորդ նախագահները։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքից հետո ցավակցական ուղերձ էին հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը և Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ն։

Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, 2 մարդ դեռևս որոնվում է։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները