«Բեր-Բեր» բեռնափոխադրող ընկերությունը բազմաթիվ հաճախորդների փաթեթների ճակատագիր արդեն 1 ամիս թողել է օդից կախված։ Ընկերության կողմից սահմանված է առավելագույնը 10 աշխատանքային օր՝ փաթեթներն օդային տարբերակով ՀՀ հասցնելու համար։ BerBer.am-ը, որը հանդիսանում է «ՀայՓոստ Յու Էս Էյ Քորփ․»-ի այսպես կոչված դուստր կազմակերպություն օնլայն շոփինգի ոլորտում է 2021 թվականի նոյեմբերից, և հաճախորդներից շատերի հավաստմամբ, այդ օրից ի վեր գրեթե ոչ մի փաթեթ չի առաքել ակնկալվող ամսաթվով, սակայն 1 ամսվա ուշացում մինչ այս երբեք չի գրանցվել։
Ուշացումներից բացի այսօր նաև անհայտ է սպասվող բեռների ճակատագիրը։ Մի շարք հաճախորդների կարծիքով հնարավոր է, որ ընկերությունը կորցրել է փաթեթները և դժվար էլ առաքի ՀՀ առհասարակ։
Համենայնդեպս այս կարծիքն օր օրի ավելի է ամրապնդվում Բերբերի աշխատակիցների հայտնած կցկտուր և ոչ հստակ ժամկետներից, որոնք արդեն մի քանի անգամ երկարաձգվել են։
Հաճախորդներից Դավիթ Իսկանդարյանի նամակներին ի պատասխան օրեր շարունակ ընկերության աշխատակիցները հայտնել են փաթեթի առաքման լրիվ տարբեր ամսաթվեր, իսկ վերջին հեռախոսազրույցում աշխատակիցներից Լիանան վստահեցրել է, որ 28.07.2022 դրությամբ
Դավիթի փաթեթը Լյուքսեմբուրգում է, այնինչ օրեր առաջ վերջինիս հավաստիացրել էին, որ ամենաուշը հուլիսի 28-ին իր փաթեթները մուտք կգործեն ՀՀ։
սքրին.
Հաճախորդներից Լիլիթ Էլոյանն էլ հուլիսի 27-ին ներկայանալով Բերբերի գրասենյակ ասել էին, թե արդեն 9 պատվերից 5-ը Վրաստանում է, բայց ընկերության կայքում առաքանիների վերջին թարմացումը այլ բան է ասում։ Լիլիթն իր փաթեթներին է սպասում արդեն մեկ ու կես ամիս է։ սքրին.
Հաճախորդներից Կարեն Մեսրոպյանը առհասարակ չգիտի` երբ սպասել իր 16 փաթեթներին, որոնք մոտ 2700$ արժողությամբ են։ Կարենին նույնպես տարբեր ամսաթվեր է նշվել, բայց մինչ այս պահը փաթեթներից ոչ մեկը մուտք չի գործել ՀՀ։ Կարեն Մեսրոպյանի փաթեթները նույնպես սպասման մեջ են մեկ ու կես ամիս։
սքրին.
հուլիսի 27/28-ը հաճախորդներից լրագրող, բլոգեր Օվսաննա Սիմոնյանի երկու փաթեթների վերջին խոստացված ամսաթիվն էր` ըստ Բերբերի աշխատակցի։ Օվսաննայի նամակ հարցին Բերբերի ֆեյսբուքյան էջից վստահեցրել էին, որ փաթեթներն այդ օրը պետք է մուտք գործեին մաքսատուն, չնայած փաթեթների առաքման իրական ամսաթվից մաքսատուն մուտք պիտի գործեր մեկ ամիս ուշացմամբ։ հուլիսի 28-ին Օվսաննայի տասնյակ զանգեր նույնպես մնացել են անպատասխան։
սքրին.
Ստորև կցում ենք հաճախորդների անձնական էջերի վերջին թարմացումները, որից պարզ է դառնում,որ մաքսատուն փաթեթները այդպես էլ մուտք չեն գործել և այս պահի դրությամբ անգամ «ստացման երկիր» դաշտում որևէ թարմացում չկա։
Հիշեցնենք, որ Բերբեր-ը ՀՀ օդային առաքման համար սահմանում է առավելագույնը 10 աշխատանքային օր, բայց ընկերությունից տուժող երկու տասնյակ անձինք 1 ամիս է չունեն ոչ մի հստակ ամսաթիվ, թե բեռները ՀՀ երբ մուտք կգործեն։
Հավելենք, որ տուժողներից ոմանք արդեն դիմել են ոստիկանություն, մյուս մասը պատրաստվում են դիմել, նաև ակտիվ քայլեր են ձեռնարկվում խնդիրը իրավական հարթություն տեղափոխելու ուղղությամբ։
Ընկերության գործունեությունից տուժել է նաև մի փաստաբան, ում փաստաբանական հարցմանը, ի խախտումն գործող օրենսդրության, լիարժեք պատասխան չի տրվել։ Չնայած Բերբերի աշխատակիցները հայտնել էին, որ իրենց իրավաբանները կկապվեն փաստաբանի հետ, խոստումն այդպես էլ մնացել է անկատար։
Ստորև կցում եմ նաև փաստաբանի դիմումը Բերբերին։
Ի դեպ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Բերբեր անունով գրացված ընկերություն հնարավոր չեղավ գտնել, ինչից կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում Բերբեր կամ նմանատիպ այլ ֆիրմային անունով ընկերություն պարզապես պաշտոնապես գրանցված չէ։ Հետևաբար, կամա թե ակամա՝ Բերբերի հաճախորդները մինչ օրս օգտվել են Հայփոստ ՓԲԸ-ծառայություններից՝ առանց իմացության։
Վերը նշված պատճառներով փաստաբանն իր դիմումով խնդրել էր իրեն տրամադրել նաև Բերբեր ընկերության գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու հայտնել կազմակերպաիրավական ձևը (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն), քանի որ Բերբերի գրասենյակի դռանը փակցված գրությունից /ֆոտո/ պարզ է դառնում, որ բեռների Հայաստան առաքումն իրականացնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն։ Ի պատասխան հարցմանը՝ փաստաբանին տրամադրվել է ԱՄՆ-ում գրանցված ընկերության տվյալները, սակայն ևս մեկ անգամ հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող ԲերԲերի գրասենյակում որպես այդ վայրում գործունեություն ծավալող իրավաբանական անձի տվյալներ փակցված է Հայփոստ ՓԲԸ-ի տվյալները։
Ընկերության մասին ընկերության կայքից.
Բերբերը առաջարկում է Ամերիկայի Միացյալ նահանգներում ստանալ անհատական հասցե, և անհատական հասցեով ստանալ փոստային կամ սուրհանդակային առաքանիներ։ Ինչպես նշված է Բերբեր բեռնափոխադրող ընկերության կայքում վերջինս անհատական հասցեին ստացված առաքանիներն ուղարկում է Հայաստանի Հանրապետություն, իսկ հաճախորդը վերցնում է իր առաքանին Բերբերի նորաբաց գրասենյակից, որը գտնվում է Սարյան 25 հասցեում։ Իսկ Բերբեր ընկերության փաթեթները Հայաստան են ներմուծվում, ոչ թե վերջինիս ԱՄՆ-ի, այլ Հայփոստ ՀՀ փոստային կապի օպերատորի պահեստից։
Հավելենք, որ այժմյան ԲերԲեր բեռնափոխադրողը Հայփոստ ընկերության նախկին Shop in America բեռնափոխադրող ընկերությունն է պարզապես նոր բրենդինգով։
Օվսաննա Սիմոնյան