Երևան +17°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:00 18-07-2022

Ստատուսային ճգնաժամի առջև ենք կանգնած

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին այսօր թաղեցին ու այդքանով կարծես թե ավարտվեց Արմենի շուրջ ծավալվող ողբերգական «ստատուսների» շղթան։ Այո՛, մի՛ զարմացեք, մարդու մահը այսօր հոգեհանգստից թաղում է, դրանից հետո նա մեռնում է ընդմիշտ։ Ժամանակ առ ժամանակ նրա մասին հուշերը կայծեր կարող են առաջացնել ոմանց հիշողություններում, որոնք կվերածվեն մի նոր սրտաճմլիկ գրառման, ու նորից կմարի ամեն ինչ։ Արմենն էլ, մյուսների նման, կգնա հանդերձյալ աշխարհ, որտեղ, ինչ իմանաս, ով ինչով է զբաղվում, ով ինչ ղալլաթ է անում, ով ում է դատապարտում, ով քանի մետր հող է գրավում ու հանձնում։ Գուցե ոչ մի բան էլ չեն անում, և մինչև աչքովդ չտեսնես, ճիշտը չես իմանա, որ գաս, գրես։

Ուղղակի աչքով տեսնելուց հետո մի քիչ դժվար է երաշխավորելը, որ նորից հետ կգաս, որ Ֆեյսբուքում այդ մասին իրազեկես։ Հետևաբար, երկու օրվա ֆեյսբուքյան փառաբանումների ու սրտառուչ խոսքերի համար հաստատ չարժե մեռնել։ Արմենը, եթե իմանար, որ իր կյանքը մահից հետո այսքան կարճ է տևելու, գուցե դիմանար ու չմեռներ։ Եւ սա հումոր չէ, սա ցավալի իրականություն է։ Այսօր՝ Արմենի թաղումից հետո, մի երկու հոգի էլ գուցե մի երկու տող գրեն ՖԲ-ում, արձանագրեն, որ Արմենի մահը այս իշխանությունների խղճին է, ու կանցնենք հաջորդ թեմաներին։

Բայց հաջորդ թեմա չկա։ Դեռ ոչ մի ահասարսուռ դժբախտ պատահար, դեռ ոչ մի խայտառակ նշանակում, դեռ ոչ մի անտառային հրդեր ու գլոբալ տաքացում տեղի չի ունեցել։ Միակ քիչ թե շատ քննարկվող թեման շոգն է, որից էլ ավելի շատ բողոքում են աղջիկները, քանզի իրենց շպարը լղոզվում է, և մի քիչ նուրբ հոգի ունեցող տղաները, որոնց հոգին շոգին չի դիմանում։ Բայց դա էդպես հրատապ թեմա չէ։ Մինչև զոհ չլինի, մինչև մի հայտնի մարդու մահ չարձանագրվի, Ֆեյսբուքը չի ակտիվանա։ Իսկ ինչո՞ւ Ֆեյսբուքը․ որովհետև կյանքը «եռում» է Ֆեսյբուքում։

Ֆեյսբուքից դուրս ուղղակի շոգ է, որի դեմն առնելու համար աղջիկները գնում են լողավազան, հագնում իրենց գայթակղիչ լողազգեստներն ու սկսում «եռացնել» իրենց նայող տղաների․․․ թող լինի՝ սրտերը։ Եթե մի քանի օր էլ այսպես շարունակի՝ առանց զոհի, առանց քաղաքական ու մշակութային մահերի, առանց մի նոր ողբերգության, մեր ազգը բառի բուն իմաստով կկործանվի «ստատուսային» ճգնաժամից, որն ավելին է, քան խորհդրարանում առաջացած քաղաքական ճգնաժամը կամ Ռուսաստանում առաջացած տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները ռուսները Ռուսաստանում այդքան ուժեղ չեն կրում իրենց մաշկի վրա, որքան մենք՝ այստեղ՝ Հայաստանում։

Ամենից շատ դիտված