Երևանի պետական համալսարանի պաշտոնական
կայքը և
ֆեյսբուքյան էջն ավետում են Հայաստանի կրթական ապագան կանխորոշող մի փաստաթղթի մասին։ Եթե կարճ ձևակերպենք ասելիքը, ապա կարելի է այլևս չանհանգստանալ Հայաստանի կրթության ապագայի համար․ ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանը երեկ վերջապես համագործակցության համաձայնագիր է ստորագրել «Մարկո գրուպ 7» ՍՊԸ-ի տնօրեն Գոհար Հովհաննիսյանի հետ։

Զարմանալի է, որ հայկական մամուլը ստորաբար անտեսեց այս լուրը․ դե ինչ, միանշանակ ճիշտ է ԵՊՀ ղեկավարությունը, որ կարծում է, թե լրատվամիջոցները հատուկ վնասում են իրենց ու չեն թողնում, որ իրենք հանգիստ աշխատեն։
Իհարկե, մի քիչ տարօրինակ է, որ «Մարկո գրուպ 7» ՍՊԸ-ի մասին համացանցի բաց աղբյուրներում ոչինչ չկա, նույնիսկ «Սփյուռում» ոչինչ չկա: Որոնման արդյունքներով «Մարկո գրուպ» ՍՊԸ-ն ենք գտնում, որն էլ կահույքի խանութ է: Բայց դա ուրիշ ՍՊԸ է, որովհետև գրանցված չէ Գորիսի բազմաբնակարանային շենքերից մեկում և կանոնադրական կապիտալն էլ 10000 դրամ չէ։

Միանշանակ, սա այն լուրերից է, որ ՔՊ պաշտոնյաները՝ Հովհաննես Հովհաննիսյանը և ընկերները, օրեր շարունակ հազիվ են իրենց զսպել, որ հանկարծ ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ չանեն՝ «Շատ լավ լուրեր կան ԵՊՀ-ից, բայց չասեմ, որ պաշտոնականով իմանաք»։
Եթե ուշադիր նայեք «Մարկո գրուպ 7» ՍՊԸ-ի տնօրենի դեմքին, ապա կտեսնեք էմոցիաների այն ամբողջ պսակը, որ առաջանում է մարդու մոտ, որը հասկանում է, թե ինչպես է աշխատում Հայաստանի ներկայիս կրթական համակարգը։
Մոտավորապես կռահելով ԵՊՀ ներկա ղեկավարության որդեգրած քաղաքականությունը՝ կարելի է ենթադրել, որ առաջիկայում ԵՊՀ ռեկտորի կաբինետում տեսնելու ենք մայրաքաղաքաի փողոցներում կանաչի վաճառող մորաքույրերի, որոնց հետ կրթական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը զարդարելու են Հայաստանի բազմահազարամյա կրթական ավանդույթները։