Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:58 09-07-2022

Պատմական ժողովո՞ւրդ, թե՞ պատմության պատահականություն

Մեր պատմությունը ոչ միայն տևական պարտությունների ու ընդհատ-ընդհատ հաղթանակների ժամանակ է, այլև դժկամության ամբողջական պատում: Մենք դժգոհել ենք և՛ պարտությունից, և՛ հաղթանակից, և՛ պատմությունից: Մենք չենք ուզել ունենալ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ո՛չ էլ հատկապես երրորդը: Ժողովուրդ, որ վախեցել է պատմություն ունենալուց, այդ բեռն իր ուսերին տանելուց: Ուզել է լինել, ինչպես ծիտը՝ ծառի վրա: Այդ փետրավորը ո՛չ պատմություն ունի, ո՛չ հաղթանակ, ո՛չ էլ պատմություն:

Մենք ոչ թե պատմական, այլ պատմության ինքնահոսին մատնված ժողովուրդ ենք: Որքան չարացած լինենք պատմության դեմ մեր կորսվելու համար, այնքան էլ պարտական պետք է լինենք պատմության պատահականությանը մեր լինելիության համար: Չկան պատմական ճակատագրեր և պատմական առաքելություններ, կան պատմությանը պիտանի և պատմության համար ավելորդ ժողովուրդներ՝ եզր ընկած, լուսանցք մղված: Իսկ լուսանցքում պատմություն չի գրվում, լուսանցքում նշումներ են արվում:

Երջանիկ պատահականություն է, որ ընթացքից դուրս՝ լուսանցքում լինելով, հասել ենք այսօր, այստեղ: Որովհետև լուսանցը կյանքից այն կողմն է, անընթացք տարածքը: Ուրեմն մեզ բախտն ու Աստված չեն մոռացել, կարելի է այդ իրողությունից ոգևորվելով ասել, որ անգամ սիրում են: Որովհետև բախտն ու Աստված պատմական ժողովուրդների հետ են, պատմություն կերտած և այն իրենց գծած նշումներով առաջ մղածների: Մենք բախտի բերմամբ ու պատահականն ենք: Եթե կան պատմական ճակատագրեր ու առաքելություններ, ուրեմն մենք ո՛չ պատմական ճակատագիր, ո՛չ էլ առաքելություն ունեցող ժողովուրդ ենք:

Գոնե վերջին հազար տարում պատմության գլխացավանքն ենք եղել: Դրանից առաջ մի հազար տարի էլ պատմության դես ու դենն ենք եղել: Այսօր մեր իրողությունը ոչ թե անսովոր վրիպում է ու անընտել միջամտություն մեր հոգեկերտվածքին, այլ մեր անպատմություն կեցություն-օրինաչափությունն է: Մենք չենք ուզում ունենալ ո՛չ պետություն, ո՛չ հայրենիք, ո՛չ էլ պատմություն: Մենք ոչ թե հոգնել ենք դրանք ունենալուց, այլ դրանք չունենալուց ենք հոգնել, դրանցից պահվելուց, թաքնվելուց, դրանք մեզնից հեռու վանելուց:

Այդ արժեքներն ունենալը խիզախում է, իսկ մենք սարսափում ենք խիզախելուց: Բոլորս անխտիր ասում ենք՝ ուզում ենք ունենալ, բայց որևէ մեկս մազաչափ ճիգ ու ջանք չի թափել ունենալու կամ ունեցած փշուրները պահպանելու համար: Ուզում ենք, որ մեր փոխարեն մեկ ուրիշը ունենա՝ մեզ համար, մեր անունով: Երբ մենք չենք ուզում պատմություն ունենալ, նույն հավասարումով էլ պատմությունը չի ուզում մեզ ունենալ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան