Վերջին տարիներին Հայաստանի տարբեր համայնքներում խաչերի տեղադրումը կարծես դարձել է ավանդույթ և համատարած բնույթ է կրում: Խաչերի տեղադրման վրա ծախսվող գումարները հիմանականում հատկացվում են հենց համայնքային բյուջեից, որոշ համայնքներում էլ՝ գյուղում ծնված և այլ վայրերում ապրող գործարարների կամ հենց գյուղում ապրող բարերարների կողմից։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում խուճապային տեմպով խաչեր են հայտնվում, որոնք կապ չունեն քրիստոնեության հետ, և ինքը դրանց վերաբերյալ հանձնարարականներ է տվել։ «ՀՀ-ում տարերային կամ նույնիսկ, կարելի է ասել, խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում անընդհատ, մի տեղ պլաստմասից, մի տեղ երկաթից, մի տեղ հին կահույքի կտորներից, մի տեղ շինարարության ավելցուկից սարքում են, և ինձ համար ակնհայտ է, թե ինչ է կատարվում, և հանձնարարական եմ տվել։ Պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության հետ կապ ունի, և վստահ չեմ, որ նախաձեռնության հեղինակներին որ ասես՝ Կտակարանից կամ Աստվածաշնչից որևէ բան պատմի, կկարողանա պատմել։ Անկախ սրանից՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում, և շատ դեպքերում կարող եմ ուղղակի ասել, որ դա ոչ միայն կապ չունի քրիստոնեության, հավատի հետ, այլև վարկաբերկում է և՛ քրիստոնեությունը, և՛ հավատը, և՛ քաղաքաշինությունը»,- նշել է Փաշինյանը։
Oragir.news-ը կապ հաստատեց տարբեր համայնքների ղեկավարների հետ՝ հարցնելով, թե ինչ են նախատեսում անել գյուղերում տեղադրված խաչերի հետ և արդյոք պատաստ են դրանք ինքնակամ հեռացել։ Մեզ հետ զրույցում Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը ասաց․ «Վարչապետը հանձնարարականներ տվել է, հիմա չեմ կարող ասել՝ ինչ կլինի, բայց երբ մոտեցավ այդ պահը, երևի կկատարվի հանձնարարականը, բայց դեռ չեն ասել՝ հանեք խաչերը։ Եթե կհիշեք, Մարտունի համայնքում տեղադրված խաչերից երկու մեծ խաչերը շուռ էին եկել, և դրանք մինչ օրս չեն վերականգնվել, մնացածը փոքր խաչեր են, որոնք, կարծում եմ, այդ կարգի նկատելի, տեսանելի խաչեր չեն։ Երկու խոշոր խաչեր են եղել, երկուսն էլ շուռ են եկել քամու հետևանքով։ Հիմա չեմ կարող ասել՝ եթե խաչերը հանելու կարիք լինի, բնակիչները ինչպես կարձագանքեն, դրանք քննարկման հետ կապված հարցեր են, և այդ մասով քննարկումներ դեռ չենք ունեցել, չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Բայց եթե վարչապետը արդեն հանձնարարական է իջեցրել, դա կարժանանա քննարկման»։
Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանն էլ ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանն է ասել, իրենք մեծ սիրով կհանեն։ «Երբ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց, ուրեմն մենք շատ մեծ սիրով իր հանձնարարականը կկատարենք»։ Հարցին, թե իսկ բնակիչները, ովքեր դա դրել են, դեմ չե՞ն լինի, Պողոսյանը պատասխանեց․ «Հաստատ դեմ չեն լինի, եթե Նիկոլ Փաշինյանն է դա հայտարարել։ Խաչն էլ ամբողջ գյուղն է իր ուժերով դրել, գյուղի բյուջեից չէ։ Մեր գյուղում մի հատ փոքր խաչ է դրված, ընդամենը 100.000 դրամի պատմություն է։ Այն խաչերի մասին թող մտածեն, որ արժեն կես միլիոն դոլար կամ մեկ միլիոն դոլար։ Եթե այդ հանձնարարությունը տրվեց, մեծ սիրով կկատարենք»։
Տեղակացանք, որ այդ Գեղհովիտում գտնվող խաչը տեղադրել է գյուղի բարերարներից մեկը, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքն է տեղադրել, բայց բնակիչների համար, և այն հանելու որոշումը պետք է կայացնեն բնակիչները։ «Այո՛, ես եմ տեղադրել իմ միջոցներով, եղել է նաև որոշ չափով օգություն, բայց եթե հանելու որոշում լինի, դա պետք է որոշեն բնակիչները, քանի որ իրենց համար է տեղադրվել։ Դա միայն իմ որոշելու հարցը չէ, որ ես որոշեմ տեղադրել կամ որոշեմ հանել, դա գյուղի ժողովրդի համար է, սրբավայր է, իրենք են որոշում՝ պե՞տք է ապամոնտաժվի, թե՞ ոչ։ Իսկ ինչ վերաբերում է խաչի վրա ծախսված գումարին, չափը չեմ հիշում, բայց գյուղապետը չի կարող իմ դրած խաչի գինը ասել, նա կարող է ասել այն խաչի գինը, որը իրենք են դրել։ Այդ խաչի գինը նա չի կարող որոշել»,- մեզ հետ զրույցում ասաց բարերարը։
Խոսեցինք նաև Արտաշատ համայնքի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Գոհար Հովսեփյանի հետ, ով ասաց, որ նման որոշում կայացնելիս կհարցնեն բնակիչների կարծիքը։ «Ճիշտն ասած՝ դեռևս նման խոսակցություն չի եղել, և քանի որ համայնքը նոր է խոշորացվել, այդ մասին կոնկրետ տեղեկատվություն էլ չունենք, թե քանի գյուղում կան տեղադրված խաչեր։ Երևի կլինի հանրային հարցում, հանրային քննարկում, թե ինչ են կարծում բնակիչները։ Բայց եթե լինի Կառավորության որոշում, բնականաբար պետք է ենթարկվենք»,- ասաց Հովսեփյանը։