Ներքին 3 տարի առաջ - 19:31 07-07-2022

Ցանկանում են Հայաստանում «Ռոսկոմնադզո՞ր» ստեղծել

Գլխավոր դատախազությունը ցանկանում է մի «Ռոսկոմնադզոր» էլ Հայաստանում ստեղծել։ Օրեր առաջ դատախազությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը:

Ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են, և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ: Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեւսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը: Մինչդեռ մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով: Մասնավորապես, «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով սահմանվել է ՌԴ ողջ տարածքում համացանցով արգելված տեղեկատվության ցանկ, որոնցից են ինքնասպանություն գործելու եղանակների և ինքնասպանության դրդելու մասին տեղեկատվությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի պատրաստման և օգտագործման, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագծի ներգրավելու, վաճառքը սահմանափակված կամ արգելված դեղամիջոցների, ալկոհալային արտադրանքի մանրածախ վաճառքի առաջարկ պարունակող տեղեկատվությունը և այլն:

Նման տեղեկատվության հայտնաբերման դեպքում ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին /Роскомнадзор/ ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ: Իրավասու մարմնի կողմից տեղեկատվությունը ստանալու պահից 1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է»,- գրել է դատախազությունը, ապա ֆոնն ապահովելու համար մի հատ էլ Գերմանիայի օրինակն է բերել։

Թեմայի շուրջ Oragir.news-ը կարծիք հարցրեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանից՝ հարցնելով, թե արդյոք չի՞ ստացվում, որ Դատախազությունը Հայաստանում ուզում է «Ռոսկոմնադզոր» ստեղծել․ «Ես այդ կասկածն արդեն 1-2 օր առաջ հնչեցրել եմ հրապարակայնորեն։ Շատ վտանգավոր է, երբ մի հեղինակազրկված կառույցի է հղում կատարվում, մի կառույց, որն անթաքույց գրաքննություն է իրականացնում՝ լռեցնելով իշխանություններին ոչ հաճո խոսքը, նաև քաղաքական ճնշումների ենթարկելով տարբեր ազատամիտ մարդկանց, լրատվամիջոցների ու հարթակների։ Այնպես, որ դա ոչ մի լավ բանի մասին չի կարող վկայել, և կարծում եմ, որ դրսից թելադրված ինչ-որ նախաձեռնություն է սա, որը պետք է մի լավ հասկանալ։

Նախ պետք է պահանջել, որ տրամադրեն իրենց կատարած հետազոտությունը, որի հղում են անում։ Ի վերջո «Ռոսկոմնադզորն» էլ, երբ իրենց մոտ սկսեցին սահմանափակումներ իրականացնել, իրենք էլ իրենց նպատակը շատ բարի էին ձևակերպել՝ «երեխաների շահերի պաշտպանություն», «ինքնասպանություններից զերծ պահել» և այլն, բայց իրենք ուղղակի քաղաքական խոսքի գրաքննություն էին իրականացնում։ Ամենակարևորը՝ ես գտնում եմ, որ Դատախազությունը այս թեմայում մտնելու որևէ կոմպետենցիա չունի, որևէ մասնագիտական հենք, մասնագիտական ռեսուրս։ Փաստացի մտնում են մի ոլորտ, որին իրենք լավ չեն տիրապետում, ուստի խորհուրդ կտամ՝ ձեռնպահ մնան նման նախաձեռնություններից, որոնք արժանանալու են քաղաքացիական հասարակության քննադատությանը»,- ասաց Դոյդոյանը։