Հրապարակվել է Շվեյցարիայի Լուգանո քաղաքում անցկացված Ուկրաինայի վերականգնման համաժողովի ամփոփիչ հռչակագիրը, որը ստորագրել են 42 երկրի և կազմակերպության իշխանությունների ներկայացուցիչները։
Փաստաթուղթն իրավաբանորեն պարտադիր չէ: Այն շարադրում է ընդհանուր սկզբունքները, որոնցով համաշխարհային հանրությունը կօգնի Ուկրաինային վերականգնվել: Փաստաթղթում ասվում է նաև, որ վերականգնման ծրագիրն «ապրում է» և կարող է փոխվել։
Փաստաթուղթը ստորագրած երկրները համաձայն են, որ Ուկրաինան վերականգնելու միջազգային ջանքերը պետք է վերահսկվեն Ուկրաինայի իշխանությունների կողմից, իսկ գործընթացը պետք է լինի ֆինանսապես լիովին թափանցիկ՝ հիմնված մարդկանց ժողովրդավարական մասնակցության և գենդերային հավասարության սկզբունքի վրա։