Երևան +24°
copy image url
Մշակույթ Միտք 2 տարի առաջ - 21:16 29-06-2022

Սալոմե. ո՞վ է տիրական ու կրքոտ այս կինը

Հայաստանի ազգային պատկերասրահում այցելուներն առաջինը փնտրում են Վարդգես Սուրենյանցի «Սալոմեն» կտավը։ Սա թերևս թանգարանի ամենահայտնի ու ամենատարածված գործն է։

Ո՞վ է Սուրենյանցի պատկերած կրքոտ և զգացմունքային այս կինը, որը գրավում է իր տիրական հմայքով։ Ինչո՞ւ է նա հետաքրքրել նկարչին և արժանացել նրա ուշադրությանը։

Սալոմե` շալոմ

Սալոմեն Հերովդիայի ու Հերովդես Փիլիպպոսի դուստրն էր,Հերովդես Անտիպասի խորթ դուստրը, հետագայում՝ Խալկիդայի ու Փոքր Հայքի թագուհին:

Նոր Կտակարանի կերպարներից մեկն է. այնտեղ նա հիշատակվում է որպես Հերովդիայի դուստր։ Նրա՝ եբրայերեն Շլոմիտ անունը ծագում է շալոմ բառից, որը նշանակում է խաղաղություն։

Սալոմեն նախ ամուսնացել է իր հորեղբոր՝ չորրորդապետ Հերովդես Փիլիպպոս II-ի հետ, իսկ նրա մահից հետո՝ Արիստոբուլոս Խալկիդացու՝ Հերովդես Խալկիդացու որդու հետ: Ունեցել է երեք որդի՝ Հերովդեսը, Ագրիպասը և Արիստոբուլոսը:

Սալոմեի մայրը՝ Հերովդիան, հարաբերություններ է ունեցել իր ամուսնու և Սալոմեի հորեղբոր հետ, ինչի համար նրան հրապարակայնորեն քննադատել է Հովհաննես Մկրտիչը։ Հովհաննես Մկրտիչն այդ միությունը համարել է ոչ օրինավոր և ամոթալի կապ։ Այդ քննադատությունն էլ հավանաբար դարձել է Հովհաննես Մկրտչի ձերբակալության ու գլխատման պատճառ:

Ըստ Մարկոսի՝ Հերովդես Անտիպասը դեմ է եղել, քանի որ գիտեր, որ «նա արդար ու սուրբ մարդ է»։ Սակայն համաձայնել է մահապատժին միայն այն պատճառով, որ Հերովդիայի դստերը խոստացել է կատարել նրա ցանկությունը։

Հերովդեսի ծննդյան օրը Սալոմեի պարն այնպես է հիացրել հոբելյարին, որ նա խոստացել է կատարել աղջկա ցանկացած խնդրանք: Սալոմեն մոր ուղղորդմամբ ու հորդորով պահանջել է Հովհաննես Մկրտչի գլուխը: Մահապատժից հետո սկուտեղի վրա աղջկան են հանձնել Հովհաննես Մկրտչի գլուխը:



Հովհաննես Մկրտչի գլխատման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն համարվում է, որ դա տեղի է ունեցել Քրիստոսի խաչվելուց առաջ, իսկ Հովսեփոս Փլավիոսը նշում է, որ դա տեղի է ունեցել նախքան 36 թվականը:

Սալոմեի կերպարը հայ և համաշխարհային մշակույթում

Սալոմեի կերպարը ոգեշնչել է համաշխարհային կերպարվեստի այնպիսի հսկաներին, ինչպիսիք են Բոտիչելլին, Դյուրերը, Տիցիանը, Ռեմբրանդտը, Կարավաջոն։

Գրող Օսկար Ույալդը 1891-ին գրել է «Սալոմե» պիեսը, կոմպոզիտոր Ռիխարդ Շտարուսը, ըստ Ուայլդի պիեսի` «Սալոմե» օպերան, իսկ Ֆլորան Շմիտը` «Սալոմեի ողբերգությունը» բալետը։

Կինոյում Սալոմեի կերպարին անդրադարձել են ռեժիսորներ Գորդոն Էդվարդսը, Չարլզ Բրայանտը, Կարմելո Բենեն, Պեդրո Ալմադովարը և այլք։ Սալոմեի պարը ներկայացված է Պիեռ Պաոլո Պազոլինիի «Ավետարան ըստ Մաթեոսի» և Լիլիանա Կավանիի «Գիշերային բարապան» ֆիլմերում:



Սալոմեի կերպարին հաճախ անդրադարձել նաև հայ նկարիչները` Գառզուն, Ժանսեմը, Վեհիկ Տեր-Գրիգորյանը և այլք։ Տպավորիչ է Հակոբ Գյուրջյանի «Սալոմե» քանդակը, որն իր պլաստիկայով ու նրբագեղությամբ միահյուսում է Արևելքն ու Արևմուտքը։



Այս թեմայի բարձրակետը, իհարկե, Վարդգես Սուրենյանցի «Սալոմեն» է։

1900-ականներին հայ արվեստասեր հասարակության և մտավորականության ուշադրությունը գրավել է ոչ թե ավետարանական սյուժեի Սալոմեի կերպարը, այլ Օսկար Ուայլդի հերոսուհին։ Այս պիեսը հայերեն է թարգմանել Վահան Տերյանը։ Ի տարբերություն ավետարանական սյուժեի՝ այստեղ Սալոմեն ինքն իր վրեժի համար է սպանում Հովհաննես Մկրտչին։ Ըստ Օսկար Ուայլդի՝ Սալոմեն սիրահարվում է Հովհաննես Մկրտչին և մերժվելով` նրանից վրեժխնդիր լինում։

1907-ին հայ մեծ նկարիչ Վարդգես Սուրենյանցը հենց այս Սալոմեին է պատկերել։ Սա մերժված սիրո պատճառով վրեժխնդիր, վիրավորված, ուժեղ անհատականությամբ կին է ու բացարձակ նման չէ աստվածաշնչյան այն աղջկան, որն ապրում ու գործում էր մոր թելադրանքով։ Սուրենյանցի Սալոմեն հաղթող է` իր հայացքով, կեցվածքով, սառնասրտությամբ։



Վարդգես Սուրենյանցի «Սալոմեն» 1912 թվականին ցուցադրվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյա միջոցառումների շրջանակներում բացված ցուցահանդեսում։ Իսկ 1914-ին մասնակցել է Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին։
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
21:29 Աշխատանք և մամայություն․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ
18:30 Դավթաշենում 5-րդ հարկից շանը ցած են շպրտել, կենդանին սատկել է. 8 ձագերը որբ են մնացել. տեսանյութ
16:15 Քյար չկա՞. 5 օր է՝ մեքենան փակել է ճանապարհը, պարեկները չեն տեսնում