Ներքին 4 տարի առաջ - 16:16 25-06-2022

Սահմանադրական օրենքների մշակումից մինչև ԿԸՀ նախագահ․ Վահագն Հովակիմյանը ունի՞ իրավաբանի կրթություն  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «անդիպլոմ իրավաբանը» որոշել է դիպլոմ ստանալ։

Խոսքը Վահագն Հովակիմյանի մասին է, ով այսօր աջուձախ օրենքներ է գրում։

Հովակիմյանի կենսագրության մեջ գրված է, որ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում:

Ի դեպ, տարօրինակ է, որ 1996-2000թթ․ Հովակիմյանը միանգամից 4 ֆակուլտետ է ավարտել՝ միմյանց հետ այդքան էլ կապ չունեցող, կամ էլ գուցե իր ինքնակենսագրության մեջ սխալ է նշել ֆակուլտետի անվանումը։ Բայց սա Հովակիմյանի համալսարանական տարիների միակ ուշագրավ դիպվածը չէ, նրա «անձնական պապկան» շատ տարողունակ է՝ հեռացման հրամանագրեր, աղերսագրեր և այլն։

Ինչևէ, այս ամենը մնաց ԵՊՀ-ի արխիվներում։

Oragir.news-ի տեղեկություններով՝ ռադիոֆիզիկից, փիլիսոփայից, հոգեբանից, սոցիոլոգից, քաղաքագետից հետո՝ Հովակիմյանը նաև իրավաբանի դիպլոմ է ստացել։ Նա ավարտել է Մովսես Խորենացու անվան համալսարանը։

Oragir.news-ի հետ զրույցում Հովակիմյանը պարզաբանեց, որ համալսարան է ընդունվել մինչև պարգամավոր դառնալը, բայց ավարտել էր արդեն, երբ ընտրվել էր ԱԺ պատգամավոր։

Հարցին, թե արդյոք չէր խանգարում աշխատանքը դասերին, Հովակիմյանն պատասխանեց, որ հեռակա է սովորել։
Պատգամավորը չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչ առաջադիմությամբ է ավարտել համալսարանը։ «Արդեն մտնում եք անձնական տիրույթ»,- ասաց նա ։

Հարցին, թե ինչու որոշեց նաև իրավաբանի մասնագիտություն ձեռք բերել, Հովակիմյանը պատասխանեց, որ 1999 թ․-ից իր գործունեությունն առնչվել է իրավաբանության հետ։

«Ես 1999 թ․-ից եղել եմ լրագրող, լուսաբանել եմ իրավական թեմաներ, դատաիրավական համակարգին վերաբերող թեմաների լուսաբանումը թերթում հիմնականում ես եմ արել, այդ թվում՝ ընտրական իրավունքի հետ կապված։ Այսինքն՝ իմ լրագրողական գործունեության տարիները սերտ առնչվել են իրավաբանության հետ»։

Հովակիմյանը նաև հաստատեց, որ թեև մինչև այս սովորել է համալսարանի 2 ֆակուլտետներում, սակայն Մովսես Խորենացու համալսարանից ստացած դիպլոմը իր առաջին ու առայժմ միակ դիպլոմն է:

Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետից դիպլոմը չի վերցրել, որովհետև 4 կուրսը վճարը չունենալու պատճառով չի ավարտել։ «Չկարողացա վճարել։ Դրանից առաջ էլ՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետից հեռացա ու գնացի բանակ։ Ծառայել եմ, վերադարձել եմ ու նորից ընդունվել եմ համալսարան։ Դրանք պատերազմի տարիներն էին։ Հետո էլ որոշեցի փոխել մասնագիտացումս։ Այսինքն՝ այն ժամանակ, գիտեք, պետական համալսարանում սովորողները չէին զորակոչվում, բայց ես դուրս եմ եկել ու գնացել բանակ»։

Դժվար է ասել՝ կրթության նկատմամբ անհագ ծարա՞վը, թե՞ հանրային քննադատություններն են ստիպել Հովակիմյանին նոր մասնագիտություն ձեռք բերել, իսկ գուցե կան այլ՝ ավելի հեռանկարային աշխատանքի պլաններ։

ՔՊ-ում կես կատակ-կես լուրջ ասում են, թե Հովակիմյանը ցանկանում է ԿԸՀ նախագահ դառնալ։

Անդրադառնալով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր առաջադրման մասին լուրերին՝ Հովակիմյանն ասաց՝ խմբակցություններն են առաջադրում թեկնածուներին։ «Երբ ժամանակը կգա խմբակցությունների կողմից առաջադրումների, խմբակցությունները կորոշեն, թե ում առաջադրել։ Երբ մեր խմբակցությունը թեկնածուներին կքննարկի ու կառաջադրի, բոլորդ էլ կիմանաք»։

Թեև անգամ կուսակցության ներսում լուրջ չեն վերաբերվում նրա թեկնածությանը, բայց դե «դատարանները վերցնելուց հետո» ԿԸՀ-ն ին՞չ է, որ չվերցնեն։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր