Արտաքին 3 տարի առաջ - 15:13 25-06-2022

Հրաձգություն՝ Օսլոյի գեյ-ակումբում. կասկածյալը ծագումով Իրանից է

Օսլոյի գիշերային ակումբում երկու մահվան պատճառ դարձած զանգվածային հրաձգություն կատարելու մեջ Նորվեգիայի ոստիկանությունը կասկածում է ծագումով իրանցու։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Քրիստիան Հաթլոն, փոխանցում է NRK հեռուստաալիքը։

Նշվում է, որ կասկածյալն ունի Նորվեգիայի քաղաքացիություն։

«Նրան մեղսագրվում է սպանություն, սպանության փորձ և ահաբեկչություն կազմակերպում»,- ասել է Հաթլոն։

Նա հստակեցրել է, որ դրանք նախնական մեղադրանքներ են և կարող են փոխվել:

Վերջին տվյալներով՝ հրաձգության հետևանքով տուժել է 21 մարդ, նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր։

Հաթլոն նշել է, որ 42-ամյա նորվեգացին ավելի վաղ հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում։ Խուզարկությունների ընթացքում նրանից առգրավվել է ինքնաձիգ և ատրճանակ։

Ենթադրվում է, որ տղամարդը հրաձգություն է կազմակերպել ատելության հողի վրա, քանի որ ողբերգությունը տեղի է ունեցել հայտնի Oslo Pride գեյ-ակումբում: