Նարկոլոգ, հոգեբույժ և հոգեթերապևտ Իգոր Լազարևը նշել է ամենատարածված վատ սովորություններից մեկը՝ ծխելը թողնելու ամենաարդյունավետ միջոցը։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նա հոգեթերապիան և դեղամիջոցներն անվանել է նիկոտինային կախվածությունից ազատվելու լավագույն միջոցները:
«Նիկոտինային կախվածությունը նույն կախվածությունն է, ինչ ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածությունը: Ծխելը ինքնուրույն և արագ թողած մարդկանց տոկոսը փոքր է՝ մոտ ինը տոկոս: Իհարկե, ինչպես ցանկացած կախվածության բուժման դեպքում, սխալ է հույսը դնել արագ արդյունքի կամ հրաշքի վրա»,- մեկնաբանում է փորձագետը։
Նարկոլոգը զգուշացրել է, որ ծխելուց կտրուկ հրաժարվելու դեպքում մարդու մոտ հաճախ ի հայտ է գալիս դյուրագրգռություն, հնարավոր է անքնություն և նույնիսկ մարմնի ջերմաստիճանի բարձրացում ։ Երկար ժամանակ այս վիճակին դիմադրել չկարողանալով՝ մարդը վերադառնում է իր վատ սովորությանը։
Իգոր Լազարևը բացատրել է, որ հենց այդ պատճառով էլ առաջին փուլերում հիվանդին նշանակվում են դեղամիջոցներ, որոնք օգնում են հանգիստ տանելու այս ընթացքը:
Հետո նիկոտինային կախվածության բուժման գործում օգնության են հասնում հոգեբանական մեթոդները, որոնցից մեկն էլ մոտիվացիոն հարցազրույցն է։
«Մարդու հետ նստում եք և ծխելու դեմ ու կողմ փաստարկների աղյուսակ եք կազմում։ Սովորաբար բացասական կողմերը գերազանցում են դրական կողմերին՝ ցույց տալով հիվանդին, որ նիկոտինային կախվածությունը շատ ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ»,- հավելել է փորձագետը և հորդորել է օգնության դիմել։