Այս տարի լրանում է հայ մեծանուն դիրիժոր Օհայն Դուրյանի հարյուրամյակը, ինչի կապակցությամբ էլ Օպերայի և բալետի պետական թատրոնի հարակից տարածքում տեղադրվելու է մաեստրոյի հիշատակը հավերժացնող հուշարձան։ Ինչպես Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էր նշել, Կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը։ Նախագիծը, չնայած նրան, որ քվեարկության է դրվելու հունիսի 21-ին, սակայն քանդակի մակետ տարբերակն արդեն քննադատվում է շատերի կողմից։
Oragir.news-ի հետ զրույցում մաեստրոյի քանդակի հեղինակ Գետիկ Բաղդասարյանն անդրադարձել է քննադատությունների, Կառավարության կողմից քիչ ժամանակ հատկացնելու և իր մոտիվացիաների մասին հարցերին։
«Ժամանակ շատ է պետք քանդակագործին դրա համար, պետք է պատկերացնել՝ ինչ է պետք, ինչ պետք չի։ Պետք էր ավելի շուտ սկսել, քանի որ ամենաքիչը օգոստոսի վերջին պետք է պատրաստ լինի քանդակը։ Շատ գործեր կան, եթե խանգարող չլինի, կստացվի, եթե խանգարող եղավ, չի ստացվի։ Թող ավելորդ բաներ չասեն, չխոսեն։ Խոսեն միայն գործից գիտակները, չիմացողները մեծ-մեծ բաներ են խոսում. դուք ախր քանդակը չգիտեք՝ ինչ բան է, ո՞նց եք դրանից խոսում։ Որ սկսում են խոսել, արդեն տրամադրություն են գցում, բայց կան նաև ոգևորող բաներ։ Իրանց ցույց տվողները շատ են, պետք է այնպես անեն, որ օգնեն։ 50 տարի է՝ զբաղվում եմ քանդակագործությամբ, քիչ չի, բայց ճոռոմ բաներ երբեք չեմ ասել։ Քանդակը հասկանալու համար դաստիրակիւթյուն է պետք, իսկ շատերը, գործը չտեսած, քննադատում են», - մեզ հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։