Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:40 18-06-2022

Ապրում ենք աբսուրդի մեջ

Լրահոսը կարդալուց հետո շատ դժվար է խելքը գլուխը պահել, հատուկ ջանք է պետք չխելագարվելու համար։ Պարզվում է՝ իր դարավոր թշնամիների մշակած ու պարտադրած սցենարով պատերազմ հրահրած, առնվազն 5 հազար քաղաքացու կյանք զոհաբերելու և հազարավորներին գերության մատնելու միջոցով Արցախը հանձնած, Հայաստանի տարածքը հանձնել շարունակող դրածո իշխանությունը մեր տարածաշրջանում ամենախաղաղասերն է։ Իր անխտիր բոլոր ձագերին, հետո նաև բույնը «խորամանկ աղվեսին» նվիրող «հիմար կկուի» ծառայություններն այսպես է գնահատել այդ ծառայությունները պատվիրածների Տնտեսության և խաղաղության ինստիտուտը։ Իսկ որպեսզի իրենց դրածոն չափից շատ չոգևորվի, այս նույն IEP-ը նշել է, որ թավշյա ռեժիմը, ունեցած ամեն ինչը վաճառելով, մեկ տարում ընդամենը 3 միավոր է ստացել ու աշխարհում ընդամենը 83-րդն է։ Այս տեղը մեր վիճակի արձանագրումն է՝ ըստ հասարակական անվտանգության և պաշտպանվածության մակարդակի, առկա ներքին ու արտաքին հակամարտությունների թեժության և ռազմականացվածության աստիճանի:

Այսինքն՝ անգամ պատվիրատուն է հստակ արձանագրել, որ դժգոհ է իր վարձած կամակատարից։ Շեշտել է, որ, այո՛, նա կարողացել է խաթարել ազգի անվտանգությունը, պետությունը դարձրել է բացարձակորեն անպաշտպան, երկրի ռազմական կարողությունները զրոյացրել է, գագաթնակետին է հասցրել արտաքին թշնամու հետ համագործակցությունը, հայ ժողովրդին դարձրել է իր անձնական ներքին թշնամին և դաժանագույն մեթոդներով ու բիրտ ուժով պայքարում է նրա դեմ, բայց չի կարողանում ավարտել ստանձնած առաջադրանքը։ Եվ ժողովրդին ու պետությունը այս վիճակին հասցրած ռեժիմի կուռքը այժմ հզորություն է մուրում նրանցից, ովքեր մեզ կողոպտելու ու մեր երկիրը կործանելու ճարտարապետերն են, բայց հիմա իրենք իրենց չեն կարողանում պաշտպանել։ Պայմանավարված պատերազմի հրձիգը հիմա խաղաղություն է մուրում թշնամուց, ում դրածոն է ու ում պատվերն է կատարում։

Իհարկե ու անվերապահորենն այս ամենը աբսուրդ է, խաբեություն է։ Եվ մեր եպիսկոպոսներից մեկը շատ դիպուկ է բնութագրել կեղծ խաղաղասերի նկրտումը. «Խելագար մարդն է անպատիվ խաղաղություն ցանկանում»։ Մինչդեռ սա, ցավոք, ոչ թե աբսուրդի վերջն է, այլ անվերջանալի աբսուրդի մի դրվագն է ընդամենը։ Իսկ հաջորդ դրվագներից մեկում թշնամուց խաղաղություն մուրող կուռքի կռապաշտները` ուսապարկերի հավաքական ՔՊ-ն, պատերազմ է հայտարարում խորհրդարանական ընդդիմությանը։ Իրենց «հա»-ին «չէ» ասողներից ուզում է վրեժ լուծելու նպատակով զրկել նրանց պաշտոններից ու մանդատներից։ Այսինքն՝ այն վրեժը, որ ամեն գիտակից ու արժանապատիվ հայ գոնե հենց հիմա պետք է լուծի ամեն հայկականը ջնջող ու կործանող թուրքի նկատմամբ, մեր երկրի Ազգային ժողովում մեծամասնություն նշանակված թրքասերները անում են հայ մնալու ու հայկականը պահպանելու համար պայքարի դուրս եկածների նկատմամբ։

Աբսուրդ է, բայց նաև սա առօրյա փաստ է։ Նույնպիսի աբսուրդային փաստ է, որ հայ ժողովրդի, երկրի բնակչության բացարձակ, գերակշիռ, որոշիչ, ճնշող մեծամասնությունը չի կարողանում ու չի ուզում լսել ու տեսնել թուրքական խաղաղության աղավնուն ու հայոց մահաբեր բայղուշին։ Հիմա մենք ապրում ենք մի բացառիկորեն իմաստազրկված, խելագար, անհեռանկար միջավայրում, երբ պետության ղեկը խաբեությամբ, շանտաժով, ստով, խորամանկությամբ, սադրանքով, բռնությամբ, ապօրինություններով իր ձեռքն առած օտարի դրածոն շարունակում է հայակործան իր առաջադրանքը իրագործել։ Նա շարունակում է մեզ բոլորիս տանել դեռ սուլթան Համիդի ժամանակներից ծրագրված կործանման, ոչնչացման, իսկ ժողովրդի մեծամասնությունը չի ուզում գիտակցել վերահաս վտանգը և անտեսում, արհամարհում, մերժում է նրան, բայց նաև այնպես է զզվում նրանից, որ թքած ունի նրա էլ, նրա զավթած ղեկի վրա էլ։

Այսպես մարդիկ սովորաբար չեն մաքրում իրենց գլխարկը կեղտոտած ծերտը, թողնում են` չորանա ու ինքն իրեն մաքրվի։ Ստացվում է, որ զզվանքն այնքան մեծ է, որ մարդիկ չեն զանազանում գլխարկի ու երկրի տարբերությունը։ Հետևանքը լինում է այն պատիժը, որ ժողովրդի անտարբերության, իներտության, անհաղորդության պայմաններում ազգն ու պետականությունն են ջնջվում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան