Այս տարի ևս ներքին զբոսաշրջության ոլորտում նկատվել է բավականին գնաճ։ Հայաստանի ներքին զբոսաշրջությամբ զբաղվող մասնավոր և ոչ մասնավոր ընկերությունները տարբեր պատճառաբանումներ են նշում գնաճի վերաբերյալ, սակայն հավելում են, որ անկախ դրանից՝ Հայաստանում ներքին տուրիզմը ակտիվ փուլում է և տուրիստական հոսքեր կան գրեթե բոլոր ուղղություններով։
Oragir.news-ի հետ զրույցում «ONE WAY Tour» տուրիստական գործակալությունից ասացին, որ հայաստանյան ներքին տուրիզմում գրեթե բոլոր ուղղություններն էլ մեծ պահանջարկ ունեն․
«Որպես այդպիսին՝ և՛ տեղացիների, և՛ օտարերկրացիների կողմից շատ այցելվող և սիրված վայրերից եղել և մնում է դեպի Սյունիք՝ Տաթևի վանք ուղղությունը։ Դրան հաջորդում են դեպի Տավուշ՝ Դիլիջան ուղղությունը, որը սովորաբար գնում են Սևանի, Սևանավանքի հետ միասին։ Ինչպես նաև պահանջված է դեպի Գառնի-Գեղարդ ուղղությունը։ Սրանք ամենաշատ այցելվող ուղղություններն են, և այս ուղղություններով ամեն օր ունենք տուրեր»։
Հարցին, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում այն տեղեկությունը, թե պատերազմից հետո Արցախը և Սյունիքը աստիճանաբար դուրս են գալիս ներքին տուրիզմից ուղղություններից, մեզ պատասխանեցին, որ դեպի Արցախ ուղղություններով ավելի քիչ են գնում, բայց դեպի Սյունիք ուղղությունը անգամ ավելի է շատացել։
«Իրականում, պրակտիկայից ելնելով, այս տեղեկությունը կճշտենք, որովհետև ներկա պահին տուր-ուղղությունները դեպի Սյունիք շատ-շատ են հատկապես օտարերկրացիների կողմից այն դեպքում, երբ հենց իրենք պետք է վախենային այնտեղ գնալ, բայց այդպես չէ։ Տեղացիներն էլ շատ-շատ են գնում Տաթևի վանք, Խնձորեսկ և այլ տեղեր։ Ամեն դեպքում ամեն օր այդ ուղղությամբ տուրեր կան, և որևէ խոչընդոտ չի եղել մինչև այժմ, որի պատճառով այնտեղ գնացողների թիվը պակասի։ Իսկ ինչ վերաբերում է Արցախին, տուրերի քանակը մի քիչ պակաս է, այդ ուղղությամբ նախատեսում ենք ամեն ուրբաթ-կիրակի օրերին, ներկա պահին՝ պատերազմից հետո, այնտեղ գնացողների թիվը պակասել է, մեծ խմբերով չեն ուղևորվել Արցախ, բայց ամեն դեպքում նախատեսում, կարծում եմ՝ վախենալու ոչինչ չկա»։
«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը ևս ասաց, որ այն կարծիքը, թե այս ուղղություններով տուրիստական հոսքը նվազել է, իրականությանը չի համապատասխանում․
«Բոլորովին այդպես չէ։ Այս պահին նախատեսում ենք Սյունիքում ծառատունկ կազմակերպել Իրանի հետ համագործակցելով՝ հայ- իրանական խոհանոցային փառատոններ են նախատեսվում Սիսիանում։ Եվ այնպես չէ, որ մերոնք այնտեղ չեն գնում։ Ես չէի ասի, որ դեպի Սյունիք ուղղությամբ ներքին զբոսաշրջություն չկա, առահասարակ բոլոր ուղղություններով էլ կա, և նույնիսկ Արցախ էլ կարող են այցելել, բայց այնտեղ բավականին քիչ են այցելությունները, և մենք նախատեսում ենք «Տուրիզմի հայկական ֆեդերացիայով» այցելել Արցախ և ուսումնասիրել նոր զբոսաշրջային վայրեր, որի մասին հանրությանը կիրազեկենք։ Ես կարծում եմ՝ այս ուղղությունը անպայման պետք է ավելացնել, քանի որ զբոսաշրջությունը ի վիճակի է նպաստել բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը»։
Հարցին, թե այս տարի տուրիզմի ոլորտում գնաճ նկատո՞ւմ է, Ապրեսյանը պատասխանեց․
«Ընդհանուր մի քիչ գնաճ կա տնտեսության մեջ, և տուրիզմում նույնպես կա, բայց մենք ուրիշ խնդիր ունենք․ դոլարի և եվրոյի նկատմամբ հայկական դրամի շեշտակի արժևորման պայմաններում զբոսաշրջությունը էապես թանկանում է, և սա խիստ անբարենպաստ է մեր երկրում զբոսաշրջության գնային մրցունակության համար։ Այս ամենը նույնիսկ անկանխատեսելի է, մեր զբոսաշրջային ընկերությունները չեն կարողանում հստակ գնային առաջարկներ անել, որովհետև անընդհատ գինը մեծանում է, և չգիտեն, թե ինչ են անելու վաղը։ Այս առումով շատ կարևոր է, որ մենք կարողանանք լուծում գտնել, միգուցե անհրաժեշտ դրամական քաղաքականություն է պետք վարել։ Եվ բացի նրանից, որ անընդհատ, դոլարով և եվրոյով պայմանավորված, թանկանում է մեր զբոսաշրջությունը, դեռ չեն էլ կարողանում կանխատեսել, վաղը փոխվելու արդյոք է, թե չէ, չեն կարողանում հստակ գին որոշել և առաջարկել զբոսաշրջիկներին։
Այս ամենին գումարած նաև թանկացել է վառելիքը։ Ընդհանուր տնտեսության մեջ եթե նայենք, բոլոր տեսակի ապրանքների և ծառայությունների գնաճ կա, որը գնահատվում է մոտ 5%։ Սա էլ է ազդում տուրիզմի վրա, մանավանդ երբ վառելիքն էլ է որոշակի առումով թանկանում»։
«ONE WAY Tour» տուրիստական գործակալությունից էլ հավելեցին, որ գնաճ կա, սակայն որոշակի ուղղություններով, և հիմնականում կապված է դիզելի գնի բարձրացման հետ։