Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 10:08 01-06-2022

Պետք է հասցեագրել հակամարտության հիմքում ընկած ​​պատճառները․ Շառլ Միշելի հայտարարությունը

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել` Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ, հասնելու նրան, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։

«Նա ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների պատմական առաջին հանդիպումը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման բացառիկ կարևորությունը, քանի որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է։

Ավելի լայն իմաստով` նախագահ Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում՝ առաջ մղել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն ու հասցեագրել հակամարտության հիմքում ընկած ​​պատճառները: Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր հիմնարար խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է հասցեագրվեն բոլոր շահառուների կողմից, որպեսզի պայմաններ ստեղծվեն կայուն և արդար խաղաղություն համար։

Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության դեպքում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին կայացած ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահ Միշելի հայտարարությունը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված ​​արդյունքի նախընտրություն: Ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր խնդիրները համակողմանիորեն հասցեագրվեն. դա ներառում է ողջ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:

Մայիսի 22-ին Բրյուսելում հատուկ քննարկվել են կապուղիները՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում կողմերը հաստատեցին, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»,- նշված է Շառլ Միշելի հայտարարության մեջ։

ԵՄ խորհրդի նախագահն ընդգծել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության առաջնային դերակատարումը: Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մտադրությունը բարեխղճորեն ներգրավվելու բանակցությունների շարունակման համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման գործում և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնելու աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին:

Նշվում է նաև, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը առաջիկա օրերին կայցելի տարածաշրջան՝ հետևելու քննարկված բոլոր հարցերի ընթացքին։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews