copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:20 28-05-2022

Առել են ծնողներին անամոթի պես, մեկին՝ փող, մյուսին՝ պաշտոն, էն մեկին՝ տենդեր․ զոհվածների հարազատները՝ իշխանության կողմից կաշառվելու դեպքերի մասին

Oragir.news-ի հետ կապ են հաստատել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի քանի ծնողներ, որոնց բարկացրել էր օրեր առաջ ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը, թե քաղաքական կուսակցություններն իրենց օգտագործում են, միաժամանակ մինչ այդ նաև իշխանական լրատվամիջոցներում հայտնված հրապարակումները, թե իբրև ընդդիմությունը գումար է վճարում զոհվածների հարազատներին՝ ակցիաներ իրականացնելու համար։

Նրանք պնդում են, որ իրականում ոչ թե ընդդիմությունը, այլ հենց իշխանությունն է փորձում ծնողներին լռեցնելու համար զանազան մեթոդներ հնարել․ որին գումար են առաջարկում, որին՝ պաշտոն, մեկ ուրիշին՝ մեքենա կամ բնակարան, չորրորդն էլ ինչ-որ անհասկանալի ՀԿ է բացել, ու դեռ պարզ չէ, թե որտեղից է ֆինանսավորվում այդ ՀԿ-ն ու ինչ գործունեություն է ծավալում։

«Մեզ ասում են, թե ընդդիմադիրները մեզ առել են, էսքան ժամանակ ինձ որևէ մեկը չի մոտեցել ու որևէ բան չի առաջարկել, ես եմ գնացել ակցիաներին, որովհետև ունեմ սկզբունքներ ու հասկանում եմ, որ բացի նրանից, որ երեխաներ ենք կորցրել, նաև հայրենիք ունենք, որ կորցնում ենք։ Ես հիմար չեմ, իմ խելքն ունեմ ու եթե ծախվող լինեի, կծախվեի կառավարությանը, ընդ որում՝ փորձել են ու շատ կուզեին, որ ստացվեր»։

Զոհված զինծառայողի ծնողը պատմեց, որ ականատես է եղել, թե ինչպես է իր ճանաչած ծնողներից մեկը հանդիպումներից մեկի ժամանակ հուզված մտնում ներս, սկսում աղաղակել, թե անգամ գումար չունի երեխայի հոգեհացի համար։ «էդտեղ վարչապետի օգնականը՝ Նաիրի Սարգսյանը, մոտենում է, թե բա՝ ցավդ տանեմ, մենք քեզ կօգնենք, քարտդ տուր, փոխանցենք գումար։ Ենթադրում եմ՝ ինչ-որ իքս չափի գումար փոխանցել են։ Հիմա կարծում եք՝ այդ կինը կգա, մեր կողքը կկանգնի՞ ակցիաների ժամանակ, կամաչի, չէ՞։

Մեկ ուրիշ ծնող, ում անունը Ռոման էր, ազգանունը չեն հիշում, սկզբում գոռում էր՝ «Նիկոլն իմ թշնամին է», հիմա լուռ է, որովհետև բնակարան են տվել։ Նրա շինությունը քանդեցին։ Իհարկե, տարածքը բնակելի չէր, այլ կոմերցիոն։ Մենք տեղեկություն ունեինք, որ իր զոհված տղային անգամ ինքը չի էլ մեծացրել, իր առաջին կնոջից է եղել, բայց դա չխանգարեց, որ հետո ինքը պետությունից բնակարան ստանա։

Բայց սա էլ ամբողջը չէ, հետո ինքը նաև էլի ինչ-որ ֆինանսավորում է ստանում, ու հիմա պատահական կառավարության շենքի կողքով անցնելիս նրան կարելի է տեսնել կառավարության շենք ազատ մուտք ու ելք անելիս։ Էդ ինչի՞ մեզ չեն թողնում, իսկ ինքը հեշտ ու հանգիստ մտնում-դուրս է գալիս։ Այսինքն՝ լավ էլ հասկանալի է, թե ինչի»։

Ծնողներից մեկն էլ ընդգծեց, որ կառավարությունը ոչինչ չի արել՝ բացի ծնողներին պառակտելուց։

«Հիմար չենք, հասկանոմ ենք՝ ինչ է կատարվում։ Սկզբում, երբ հավաքվում էին, էնտեղ նաև Լիպարիտ կար, որ սկսեց էլի խաղեր տալ ու ծախվեց։ Հիմա կարծեմ 30 մլն դրամի տենդեռ է շահել, դրա համար էլ այլևս ոչ մի տեղ չի երևում։ Նրան նաև Արայիկը Հարությունյան՝ Արցախի նախագահ, պետական մեքենաներ է տրամադրել։ Նա էնքան է նագլիացել, որ անգամ զանգել է Արայիկ Հարությունյանին ու ասել, որ մեքենայի ինչ-որ մասեր են փչացել, ուղարկեք, որ սարքենք։

Ես ծնողներ գիտեմ, որ դիմել են Արայիկ Հարությունյանին, թե բա մեզ փող ու անվադողեր տվեք, որ գնանք մարզերում անհայտ կորած երեխաների ծնողներին տեսակցության։ Ինձ հետաքրքրիր է՝ ինչի՞ են գնում էդ մարդկանց տեսակցության կամ ինչի՞ են փողը հենց Արայիկ Հարությունյանից ուզում։

Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որ անհատական խոսակցությունների ժամանակ խոստովանել են, որ իրենք էլ փող տվել։ Ես Արայիկ Հարությունյանին մի անգամ հարցրել եմ, թե ինչ են մեդալները աջ ու ձախ բաժանում միայն նրանց, ում ծնողը գոռում է, իսկ էն համեստ ծնողը, որ տանը նստած է, բայց իր որդին հերոսություն է արել, իրեն ինչի՞ մեդալ չեն տալիս։ Այսինքն՝ մարդկանց կաշառեցին․ որին՝ մեդալներով, որին՝ փողերով, մեկին՝ պաշտոնով»։

Ծնողները պատմում են, որ անգամ Եռաբլուրում անարդարության ու խտրականության են հանդիպում։ «Ի՞նչ է, պետությունը չունե՞ր հնարավորություն՝ մի տեսակի գերեզման սարքելու որոշում կայացներ, որ գնայիր Եռաբլուր ու խաղաղություն զգայիր։ Էսօր մտնում ես Եռաբլուր՝ անորակ աշխատանք, սպիտակ քարը, որ իրենք սարքել են․ փորձեք վառել, այդ քարը վառվում է։ Այսինքն՝ դա քար էլ չի։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի արևի ու անձրևի տակ մի քանի տարի անց։

Այսինքն՝ էնտեղ էլ են ուտում էդ փողը, հասկանո՞ւմ եք, էնքան տականք են, որ էնտեղ էլ են ուտում։ Հասկանո՞ւմ եք, անգամ Եռաբլուրում հավասարություն չպահպանվեց։ Ես ցավում եմ, որ երբ գնում եմ Եռաբլուր, մեր տղաները մարտիրոսացան, բայց մենք էնտեղ էլ չենք խաղաղվում, որովհետև գնում եմ, տեսնում ենք, որ մեկի դրոշը 6 մետր է, մեկինը՝ 3, մյուսը՝ 4։ Նեղվում եմ, էդ երեխեքի մեջ տարբերություն չպետք է դրվեր։ Մեկի քարը խաչով է, էն մեկինը անգելոչիկներով է, մեկինը սև է, մյուսինը՝ սպիտակ»։

Ծնողները կարծում են, որ դրանով էլ կառավարությունը մարդկանց մեջ պառակտում մտցրեց։

«Ես սկզբում մտածում էի՝ կարողա դեբիլ են, հիմար են, չեն մտածում, չեն հասկանում, բայց չէ՛, հիմա հասկանում եմ, որ սրանք էնքան խելացի են, որ շատ լավ օգտագործում են մարդկանց։ Էսօր ծնողները ինչի՞ դուրս չեն գալիս։ Ես, օրինակ, չեմ շփվում մարդկանց մեծամասնության հետ, որովհետև ինքս էլ վստահություն չունեմ էդ մարդկանց վրա, չգիտեմ՝ էդ մարդուն առե՞լ են, թե՞ չեն առել։ Էս տականքները հասկացան, որ ծնողները կարող են մեծ ուժ դառնալ, ու իրենց պլանները չեն իրականանալ, սկսեցին պառակտումներ մտցել ծնողների մեջ»։

Մեզ դիմած ծնողներից մեկն էլ պատմեց, որ զոհվածների հարազատներից մի քանիը ՀԿ-ներ են բացել։ «Ես հիմա շատ հարցեր ունեմ, թե էդ հասարակական կազմակերպությունները որտեղի՞ց են ֆինանսավորվում, ի՞նչ գործունեություն են ծավալում, որովհետև էսքան ժամանակ տեսանելի չի եղել ոչ մեկիս համար, թե էդ հասարակական կազմակերպությունները, որ պետք է ծառայեին մեր տղաների հիշատակին, ի՞նչ են արել․ ես ոչ մի բան չեմ տեսել, որ արվի։ Այսինքն՝ նրանք գտել են մարդկանց օրինական կաշառելու ձև»։

Նա նաև ընդգծեց, որ հիմա խոսքը մի քանիսի մասին է միայն, բայց զոհվածների ու անհետ կորածների հարազատները մոտ 5 հազար են։ «Էդ մի քանիսը պիտակ կպցրեցին մեր ծնողների ճակատին, դրա համար էլ հանրությունը հիմա խոսում է մեր կաշառված լինելու մասին՝ առաց հասկանալու, որ անհամեմատ ավելի շատ են այն ծնողները, որոնք համեստ, իրենց ցավի հետ, լուռ նստած են տանը։ Էդ գումարներից իրենց կողքով էլ չի անցնում։ Ես ծնող գիտեմ, որ իր երեխային տարել ընտանեկան գերազմանատանն է հուղարկավորել, որովհետև չի ուզում, որ էդ տականքը գա իր երեխայի գերեզմանի կողքը կանգնի։ Ծնող գիտեմ, որ էդ թաղման գումարներն էլ չէր վերցնում, ստիպել ենք, ասել ենք,որ բանկում մի կողմ դնի, միգուցե մի օր պետք գա։ Բայց էդ բաները հիմա ոչ ոք չի տեսնում, որովհետև մեր երեխեքին ու ծնողներին այդ մի քանի հոգին պղծեցին։
Մի անգամ խոսակցություն եղավ, քննադատեցի կառավարությանը, ինձ վարչապետի օգնականը հարցրեց, թե ինչի կարիքն ունեմ, ասեցի՝ ինձ նայի, ես մարդ եմ, որ ինչ-որ բանի կարի՞ք ունի։

Գիտեք՝ մարդիկ կան, որ հիմա ասում են՝ դե ծնող են, պետք է եղել, վերցրել են, ինչի՞ պիտի չվերցնեին, բայց ես սոված կսատկեի, երթուղայինով կգնայի Ղարաբաղ, բայց հասկանալով, որ էդ տականքներն են մեր երեխու գլուխը կերել, գումար չէի վերցնի երբեք։ Իրենք առել են ծնողներին անամոթի պես»։

Շարունակելի ․․․

Ամենից շատ դիտված