Արմավիրի տրանսպորտը չի աշխատում․ մեկին օրենքը թույլ չի տալիս, մյուսին՝ քննիչը
copy image url

Արմավիրի տրանսպորտը չի աշխատում․ մեկին օրենքը թույլ չի տալիս, մյուսին՝ քննիչը

Ներքին 5 ամիս առաջ - 15:50 18-11-2024
Վերջին օրերին քաղաքացիները բողոքում են, որ արդեն մի քանի օր է Արմավիր-Երևան ուղևորափոխադրող ավտոբուսները չեն աշխատում, որի պատճառով նրանք նշված բնակավայրերից Երևան են հասնում մեծ դժվարությամբ՝ տաքսիներով։

Oragir.News-ի հետ զրույցում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ օրենքով նախատեսված է, որ երբ անձի գործունեության թույլտվությունն ավարտվում է, ապա մինչև հաջորդ մրցույթի հայտարարումը և անցկացումը շարունակում է գործունեություն իրականացնել վերջին ուղևորափոխադրողը։ Ներկայում ուղևորափոխադրողի գործունեության ժամկետը լրացել է, իսկ մրցույթ չի հայտարարվել․ «Այս պարագայում, ըստ օրենքի՝ պետք է շարունակեր ուղևորափոխադրում իրականացնել վերջին ուղևորափոխադրողը, այնքան ժամանակ, քանի դեռ նոր մրցույթ չի իրականացվել։ Հիմա նոր մրցույթ չի իրականացվել, բայց գործունեությունը դադարեցրել են»։

Նա պատմեց, որ դեռևս 2 տարի առաջ իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է իրականացվում «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի կողմից, որը հովանավորվում է հայտնի օլիգարխի՝ Սամվել Ալեքսանյանի կողմից, ընդ որում իրենց ներկայացված հաղորդումը հաստատվել է նաև ՊԵԿ հետաքննության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ․

«Իրականում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է իրականացվում, այսինքն՝ ապօրինի տրանսպորտային միջոցները վարում էին Երևան-Արմավիր-Երևան ուղղությամբ։ Իմ պաշտպանյալը՝ «Գալատիկա տրանս» ՍՊԸ-ի տնօրենը, ճանաչվել է որպես տուժող, և 2 տարի առաջվա դրությամբ՝ նրան պատճառվել է մոտ 1 մլրդ դրամի նյութական վնաս։ Կարող եմ ասել, որ 30 տարվա իրավական պատմության մեջ այսպիսի դեպք գոյություն չունի, երբ քրեական վարույթը նախաձեռնվում է, անձը տուժող է ճանաչվում, որ արդեն իսկ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, բայց այդ 2 տարվա ընթացքում քրեական վարույթ նախաձեռնված լինելու պայմաններում հանցագործությունը չի դադարում։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկում որևէ միջոց հանցագործության կատարումը կանխելու նպատակով։ Եկեք պատկերացնենք, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն չի, օրինակ՝ սպանություն է, անձի նկատմամբ իրականացվում է քրեական վարույթ, անձը ինչ-ինչ պայմաններում ազատության մեջ է, շարունակում է կատարել սպանություններ, մենք 2 տարի գրում ենք, որ այս սպանությունները շարունակվում են, բայց վարույթն իրականացնող մարմինը ոչ մի միջոցառում չի ձեռնարկում, կապ չունի չէ՞, թե ինչ հանցանք է, ապօրինի ձեռնարկատիրությո՞ւն է, թե՞ սպանություն է, եթե արդեն իսկ քրեական վարույթը նախաձեռնվել է՝ պետք է հանցագործությունը դադարեցվի, բայց տարօրինակ հանգամանքներում այն չի դադարեցվում։ Բոլորը աչք են փակում»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ ամենաչնչին տեխնիկական պատճառներով օրինական ուղևորափոխադրողի գործունեությունը կասեցված է, քանի որ միկրոավտոբուսի առջևի նստարանին նստած ուղևորը ամրագոտի չի գցել, ինչի համար ավտոբուսը տարել են հատուկ պահպանվող տարածք․

«Տրանսպորտային միջոցը 2-3 օր տարել, պահել են, արհեստական բոլոր միջոցներով օրինական ուղևորափոխադրողի գործունեությունը կասեցրել են։ Բայց այդ նույն ուղևորափոխադրումներն անօրինական կատարող և լիցենզիա չունեցող, Աստված գիտի, այդ վարորդները թմրանյութի ազդեցության տա՞կ են, ալկոհոլի ազդեցության տա՞կ են, վարորդական վկայական ունե՞ն, թե՞ չունեն․ դա որևէ մեկին չի հետաքրքրում»։

Հովհաննիսյանն ասաց, որ սույն գործը քննող քննիչին ևս առաջարկել է միասին գնալ ավտոկայան, ցուցմունքը ստուգել ու քննչական գործողություն անել և տեսնել, թե ինչ ապօրինի տրանսպորտային միջոցներ են այդ ուղղություններով երթևեկում, սակայն, իր միջնորդությանը որևէ պատասխան չեն տվել․

«Ամսական մի քանի միջնորդություն եմ գրում, որ հարգելիներս, այսպիսի բան Հայաստանի պատմության մեջ չկա, այս անգործության դեմ Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեին հանցագործության մասին հաղորդումներ եմ տվել, որ այն՝ ինչ դուք անում եք՝ անգործությունը՝ հանցագործություն է, չի կարող վարույթը նախաձեռնված լինելու պայմաններում, դեպքի վերաբերյալ նախաքննության պայմաններում հանցագործությունը շարունակվել, միջոցներ ձեռնարկե՛ք»,- եզրափակեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում