3 տարի առաջ Եվրասիական տնտեսական միությունը չմաքսազերծվող ապրանքի գինը ֆիզիկական անձանց համար բարձրացրեց մինչև 1000 եվրո։ Այսինքն՝ եթե ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացին առցանց տարբերակով գնում էր ինչ-որ ապրանք, որի գինը 1000 եվրոն չէր գերազանցում, ապա ազատվում էր մաքսատուրքից և հարկերից։ ԵԱՏՄ-ի նման որոշման պատճառը սեփական քաղաքացիների դժգոհություններն էին, և որպեսզի առևտրաշրջանառությունը չնվազի, ԵԱՏՄ-ն գնաց նման զիջումների։ Դրան զուգահեռ, սակայն, Հայաստանում պահպանվեցին ավելի խիստ կարգերը։
Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ, սակայն «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված 200000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը ՊԵԿ-ը թողել է անփոփոխ։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի ՊԵԿ-ն ավելի խիստ պայմաններ է սահմանում, քան այն առևտրային միությունը, որին անդամակցում է Հայաստանը։
Oragir.news-ը գրավոր հարցում էր ուղարկել ՊԵԿ՝ հարցնելով, թե ինչու է ՊԵԿ-ը նման որոշում կայացրել, ինչու է սեփական երկրի քաղաքացիներին զրկել նման արտոնությունից։ Մեկ ամիս անց, բոլոր ժամկետները խախտելով, ՊԵԿ-ից պատասխան ենք ստացել, որը կարճ կարելի է հետևյալ կերպ ձևակերպել․ «Օրենքը թույլ է տալիս, դրա համար էլ խստացրել ենք»։ ՊԵԿ-ի պատասխանը՝ ստորև․
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. Ne 107 որոշման 1-ին կետի «ж» ենթակետի համաձայն՝ նշված որոշման 1-ին հավելվածի 1-ից 4-րդ կետերում նշված՝ անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել նույն որոշման 1-ին հավելվածով նախատեսված արժեքային, քաշային եւ կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց սահմաններում անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծվում են եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման: Նույն որոշման 1-ին հավելվածի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված են միջազգային փոստային առաքումներով եւ փոխադրողի կողմից առաքվող անձնական Օգտագործման ապրանքների համար առանց մաքսատուրքի եւ հարկերի ներմուծման՝ 200 եվրո եւ (կամ) 31 կգ չափաքանակ, որը կիրառվում էր 2020 թվականի հունվարի 1-ից, քանի որ նշված որոշմամբ նախատեսված էր արժեքային եւ քաշային նորմերի աստիճանական նվազեցում մինչեւ 2020 թվականը:
Հաշվի առնելով, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանից Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանվել է միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար 200 հազար դրամ եւ (կամ) 30 կգ չափաքանակ, իսկ եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2002 թվականի մարտի 17-ի N 35 որոշմամբ՝ մինչեւ 01.10.2022թ. արժեքային նորմը բարձրացվել է մինչեւ 1000 եվրո, ապա այդ պայմաններում կիրառելի է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առավել խիստ նորմը: Հայտնում ենք նաեւ, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նշված որոշման ընդունմամբ պայմանավորված փոփոխություններ չեն կատարվել»,- ասված է պատասխանում։