Հայաստանում առաջին անգամ տպագրվել է էրոտիկ աշխատանքների պատկերագիրք, որի հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն է: Թեքեյան մշակութային միությունում կայացավ նրա «Նկարիչը եւ էրոսը» խորագրով գեղանկարների ցուցադրությունը եւ համանուն պատկերագրքի շնորհանդեսը:
Վարպետն էրոտիկ թեմաներով ստեղծագործում է շուրջ 40 տարի, լավագույն 50 աշխատանքներն էլ ներկայացված էին ցուցահանդեսում:
Մարմնական խելահեղ սեր ու վայելք պատկերող աշխատանքները «բաց» էին, համարձակ, բայց ոչ գռեհիկ: Փարավոն Միրզոյանն ասաց, որ սերը միայն բառերով չի արտահայտվում: Իսկ նրա սանը՝ Հայաստանի նկարիչների միության ներկայիս նախագահ Սուրեն Սաֆարյանը, ցուցահանդեսի բացմանը փաստեց, որ իր վարպետը որքան ազատ է խոսքում, նույնքան էլ արվեստում է համարձակ: