Ներքին 4 տարի առաջ - 12:03 24-04-2022

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը. ՀՀ վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային արհավիրքի՝ ցեղասպանության: Օսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր երկրագնդի վրա դժվար կլինի գտնել մի այնպիսի վայր, որտեղ չի լինի ազգությամբ հայ: Անդառնալի կորուստներ կրեց հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը, ոչնչացվեցին հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր:

Չնայած անմարդկային դաժանություններին՝ մեր ժողովուրդը վերջին հարյուրամյակում կարողացավ միասնականության, անմնացորդ աշխատանքի, հետևողական ջանքերի արդյունքում ուղղել մեջքը, պահպանել ինքնությունը, վերականգնել անկախ պետականությունը: Եվ սա մեր ժողովրդի կենսունակության ամենամեծ ապացույցը դարձավ:

Հարգելի հայրենակիցներ,

Պատմական փաստերի, ցեղասպանությունների և ոճրագործությունների հերքումը, խեղաթյուրումը, ճշմարտությանը չառերեսվելը, միջազգային հանրության թողտվությունը ծնում է նոր դաժանություններ և հանցագործություններ:

Քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունն այս ուղղությամբ ունի բազմաթիվ անելիքներ՝ անկախ քաղաքական շահերից թույլ չտալու այլևս նման ոճրագործություններ, առաջին հերթին արժևորելով մարդկային կյանքը՝ անկախ ազգային պատկանելությունից: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:

Սիրելի հայրենակիցներ,

Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Եվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է: Այն մեզ համար առիթ է արձանագրելու, որ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինման ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ պիտի ունենա, պիտի կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից սեփական որոշումների տիրույթ տեղափոխել:

Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն է, իր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ, որոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներով: Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով:

Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ:

Միաժամանակ, այսօրվա մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն:

Համահայկական ներուժի, կարողությունների համախմբումը պետք է հետևողականորեն ուղղենք հենց այս նպատակին: Հայոց պետականությունը Մեծ Եղեռնի զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենատպավորիչ միջոցն է և պիտի դառնա հայ ժողովրդի ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշ և երաշխավոր: Հենց մեր այս կամքն է խորհրդանշում ապրիլքսանչորսյան ժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի խոստում է մեր նախնիներին և մեր սերունդներին: Այդ խոստումը պիտի կատարվի, այդ ուխտը պիտի ի կատար ածվի: Սրանում է Ապրիլի 24-ի ամենամեծ խորհուրդը»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան