Միտք 4 տարի առաջ - 21:21 21-04-2022

Ձեր բումերանգը, սը՜ր…

Չէ՛, ինչ ուզում եք ասեք, մեկ է՝ հետաքրքիր բան է կյանքը: Ոչ ոք հաստատապես չգիտի, թե ինչպես կվարվի ինքը՝ միմյանց հերթագայող, մակընթացություններով ու տեղատվություններով ուղեկցվող, խորշակաշատ ու խառնակ նոր ժամանակներում: Իսկ ա՜յ, լատինական, վերդիկտի համարում ունեցող «Ժամանակները փոփոխական են, հավերժությունն է անփոփոխ» ասացվածքը դրա պատասխանն ասես թե տալիս է: Ժամանակի ընթացքը նաև վկայում է, որ ճշգրտորեն գործող «Երբեք մի՛ ասա՝ երբեք»-ի ոսկե կանոնը նույնպես օժտված է բումերանգի հատկությամբ : Անհիմն ու ապրիորի դատողությունների բացառման նպատակով, ավելի լավ է, խոսեմ փաստարկներով: Մարդիկ, որոնք մշտապես դեմ են եղել փողոցային պայքարին, Ազատության հրապարակում պարբերաբար հրավիրվող հանրահավաքներին, մարդիկ, որոնք ոչ վաղ անցյալում «հանրայիններով» ի դերև էին հանում դրանց անպտղությունն ու փակուղայնությունը, այսօր ճարահատ իրենք են դիմում պոպուլիստական որակված զինանոցի օգնությանը՝ ակտիվորեն հերքելով «գոտկատեղից ներքև» իջեցվող ու իջեցվելիք հարվածների հակապետականությունը, քանի որ դրանք ծառայելու են ապազգային իշխանությունների օր առաջ տապալմանը…

Չէ, չէ, միայն թե անկեղծ, ո՞ւմ մտքով կանցներ ԱԱԾ (իսկ որ ավելի ճիշտ է՝ ՊԱԿ-ի) նախկին ղեկավարին տեսնել Խաչիկ Ստամբոլցյանի «իրավահաջորդի» դերում… Արթուր Վանեցյանը «Սմոլնուց» (հասկանալ Մոսկվա) վերադառնալուն պես հանրությանը զարմացրեց «գործի գիտակին » պատշաճող նպատակասլացությամբ, ժողովրդական ցասումը «ճիշտ հուն» ուղղորդելու անթաքույց հայտով: Իշխանափոխություն տենչացողներին նա խոստացավ կյանքի կոչել նախկին ՀՀՇ-ական , ներկայումս դիվանագիտական առաքելությամբ զբաղվող Ալեքսանդր Արզումանյանի կողմից ժամանակին խոստացված, բայց այդպես էլ իրականություն չդարձած «ցախավելների հեղափոխությունը»… Գեներալ-մայորն ի լուր աշխարհի հայտարարեց Նիկոլ Փաշինյանի ազգադավ իշխանությանը օր առաջ պատմության գզրոց ճանապարհելու վճռականության, ու նաև այն մասին, թե ինչպես օրեր անց, «վրձնի» ընդամենը մի հարվածով հրապարակը կդառնա ալեծուփ… Ու հիմա շունչները պահած ազգովի բոլորը հետևում են «ափերից դուրս եկած» գեներալ-մայորի ոտքի շարժումներին: Ուշի-ուշով են նայում, քանի որ նրա վերջույթների վճռականությունից, եթե կուզեք, զայրույթից է կախված «խելագարված ամբոխների» խուռներամ ներկայությունը «Ազատության» հրապարակում… «Բազմափորձ» գեներալը, սակայն, առանձնապես շտապելու կարիք դեռևս չի տեսնում: Պատվից վեր չհամարելով «Հետքով գնացողը առաջինը լինել չի կարող» չինական աքսիոմը՝ հացադուլավոր գեներալը, գիշերային ժամերին ցրտից պաշտպանվելու նպատակով վրանների տեղակայման համար է ներկա պահին պայքարում… Պայքարում է՝ մեծապես թքած ունենալով ապագայում վրանների շրջակայքում ոստիկանների կողմից հայտնաբերվելիք ներարկիչների վարկածային առկայության տարբերակի ու հարևան շենքերի բնակիչների կողմից հնչեցվելիք՝ հակասանիտարական պայմաններին վերաբերելիք հնարավոր բողոքների վրա: Կարևորը՝ հողատու, կապիտուլյանտ, անմեղսունակ որակված իշխանություններից հնարավորինս արագ, հնարավորության դեպքում նաև անցավ ազատումն է: Չէ, չէ, քավ լիցի, սա ամենևին էլ ռևանշիզմի փորձ չէ, սա ընդամենը՝ ազգի «հարատևությանը» միտված ակցիա է, ակցիա, որը նպատակ ունի հայ ժողովրդին ուղեկցել դեպի պայծառ ապագա…

Իսկ հետաքրքիր է, ինչ են գրելու մերօրյա պատմաբանները ապագայի դասագրքերում՝ պատմական այս օրերի մասին: Անկեղծ ասած չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ քաջածանոթ դարձվածքի նմանակությամբ այդ պատմության սկիզբը հնչելու է մոտավորապես այսպես՝ «Մի ուրվական էր շրջում Ազատության հրապարակում․ դա Խորհրդային միության ուրվականն էր…»:


Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի