Միտք 4 տարի առաջ - 10:18 06-04-2022

Մեզ մեկ անգամ հաջողվել է փրկել Արցախն ու Հայաստանը, հիմա վերադառնում ենք նույն կետին

Հայաստանը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած, ոչ միայն Արցախը: Երկու հայկական հանրապետությունների կորստյան, ավելի կոնկրետ՝ թշնամուն հանձնելու մեկնարկը տրված է արդեն մեկուկես տարի, պատերազմով և անպատերազմ: Մնում է ամբողջացնել և ավարտին հասցնել: Իսկ մեր այսօրը հենց այդ խոստումն ունի վաղվա մեջ: Հայաստանի իշխանություններն այլևս անկարող են ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորը լինել, անգամ Հայաստանի: Այդ մարդիկ միայն իվիճակի են հանձնել՝ կրակոցով և անկրակոց, գրավոր և բանավոր պայմանավորվածությամբ: Նրանք ոչ թե աշխատում են ի շահ Հայաստանի, այլ աշխատում են թշնամու մոտ որպես կամակատար: Սա է նրանց պաշտոնը, մանդատը, իշխանությունը: Սա է նրանց հնարավորությունը, քանի որ չունեն այլ հնար:

Մենք ժամանակի միջով պատմականորեն վերադառնում ենք 1988 թվական: Այն ժամանակ մենք ընդվզեցինք, ազգային զարթոնք ապրեցինք՝ փրկելով Արցախը հայաթափումից և ցեղասպանությունից, իսկ Հայաստանի սահմաններից դուրս քշեցինք ներխուժած թշնամու զինված խմբավորումները: Այսօր Արցախը նույն խնդրի առջև է կանգնած, իսկ Հայաստանը նույն խնդրի մեջ է: Հայաթափվում է Արցախը, զինված թշնամին դուրս չի գալիս Հայաստանի տարածքներից: Շրջան գծելով՝ պտտվեցինք ու եկանք նույն տեղը: Ստիպված ենք նորից ելման դիրք ընդունել: Պարզապես այլընտրանք չունենք: Կա՛մ ոչնչանում ենք՝ Արցախ ու Հայաստան, կա՛մ նորից նեք դառնում Արցախ ու Հայաստան:

Ինչպես 1988-ին ազգովի համախմբվեցինք նույն գաղափարի շուրջ, դարձանք մեկ ուժ, մեկ բռունցք՝ ազգային զարթոնք ապրելով, այնպես էլ հիմա ենք պարտավոր նույն մարտահրավերն ընդունել: Պատմական ճակատագիրը կրկնվող պատմության դեպքերն ու ժամանակաշրջանները շրջանցելու կամ անտեսելու հնարավորություն չի տալիս մեզ: Կա՛մ համախմբվում ենք և դուրս գալիս այս ծանոթ պատմական ծուղակից, կա՛մ հրաժեշտ ենք տալիս պատությանը: Արցախը՝ Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի ոտի կոխան՝ այդ նույն ոտքի բոլոր կեղտ ու արատներով հանդերձ: Սա է մեր հարևանների ընտրությունը, չեն ուզում այլ ընտրություն ունենալ: Մեզ մեկ անգամ հաջողվել է փրկել Արցախն ու Հայաստանը, հիմա վերադառնում ենք նույն կետին:


Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում