Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:21 05-04-2022

Գնիր կաթ՝ կես գնով, ստացիր բրուցելոզ՝ անվճար

Ֆերմայից միանգամից գնորդին գնացող կաթի իրացման՝ առողջության համար վտանգավոր լինելու մասին քչերը գիտեն։ Կաթի մեկ լիտրի գինն անցյալ տարի գյուղացին վաճառել է 150-180 դրամի սահմաններում, տարիներ են եղել, որ անգամ իջել է մինչև 120 դրամ, որոշ ժամանակահատվածում նույնիսկ դարձել է 90-100 դրամ։ Սակայն վերջին երկու-երեք տարում նման խնդիր չի առաջացել, այսինքն՝ այստեղ կա մի կարևոր բան ևս, որ ֆերմերներն ավելի հմտացել են։ Վերջին տարիներին և հատկապես այժմ երևանամերձ հատվածներում գյուղացիներն իրենց մեքենաներով թաղամասերում պայմանավորված բերում և կաթը իրացնում են, բոլորն իրենց հաճախորդներն ունեն, ժամանակացույց՝ ևս։ Առաջին հայացքից, երբ վերլուծություն չենք կատարում, թվում է, թե փոքր ծավալներ են, բայց իրականում բավականին մեծ ծավալներ են իրացվում. չենք խոսում շուկայի և վերամշակման արտադրամասերի մասին, այսինքն՝ սրանք վերաբերում են երևանամերձ և ոչ միայն երևանամերձ քաղաքներին։ Այն կաթի մասին է խոսքը, որը ֆերմայից գնում է միանգամից գնորդին, որը չի հաշվարկվում, չի գնահատվում և վերլուծության չի ենթարկվում։ Առաջնային խնդիրն անվտանգությունն է, քանի որ մենք չգիտենք կաթի ծագումը, այսինքն՝ այն որևէ փորձաքննության կամ ստուգման չի անցնում, ռիսկեր կան առավել ևս այն դեպքում, երբ մեր երկիրը բրուցելոզի համար նպաստավոր երկիր է։ Բրուցելոզ. ահա այսպես է կոչվում ինֆեկցիոն-ալերգիկ այն հիվանդությունը, որը բնորոշվում է նյարդային, սիրտ-անոթային, հենաշարժական և այլ համակարգերի ախտահարմամբ։

Oragir.news-ը կապ հաստատեց Տավուշի նախկին փոխմարզպետ, գյուղատնտեսության ոլորտի առաջատար մասնագետ Թաթուլ Ստեփանյանի հետ՝ հարցնելով, թե երևանամերձ ո՞ր տարածքներում է հիմնականում վաճառք իրականացնում գուղացին, ինչին ի պատասխան նա ասաց. «Չնայած բրուցելաները 65 աստիճանի տակ 3 րոպեում ոչնչանում են, բայց ամեն դեպքում մարդիկ շփվում են կաթի հետ. եթե պանիր ենք սարքում, հո չենք բարձրացնում վաթսուն աստիճան, տեղականները քսանհինգից երեսուն աստիճանով ենք անում, այսինքն՝ ամեն դեպքում բրուցելիաները չեն վերանում։ Բրուցելիաները կվերանան այն դեպքում, եթե ճշգրիտ պահպանում լինի, սպասման որոշակի ժամկետ ունենա, բայց ընթացակարգ կա, բոլոր մեծ քաղաքների տարածքներում այս պրակտիկան գործում է. Երևանից՝ հիմնականում Աբովյանի տարածաշրջանում, գյուղեր կան՝ որոնք մասնագիտացած են տարբեր թաղամասեր սպասարկելու գործում՝ Գեղաշեն, Հնաբերդ, Կոտայք և այլ հատվածներ։ Այս պրակտիկան նաև գոյություն ունի Եղվարդի Զովունի տարածաշրջանում, որտեղ կաթ արտադրվում և բերվում իրացվում է, Արարատի մարզում»։

Ստեփանյանի խոսքով՝ գյուղացին կաթը կթում ու միանգամից բերում տալիս է քաղաքացուն, նրան, ով երկար տարիներ այդ մարդուն սովորել է, արդեն ճանաչում են իրար, փոխադարձ վստահություն են ձեռք բերել, կամ բերում մասնավոր խանութներին է հանձնում. այդ պրակտիկան էլ կա, այսինքն՝ այնքան են այդ սոցիալական կապերը ձևավորվել, որ փոխադարձ վստահությունը գործում է.
«Երկուստեք չեն տուժում. ինչ-որ մեկը գաջ քսող է, ի՞նչ իմանա, որ եթե կաթը չեռացնի, ապա կարող է առողջությանը վնաս պատճառել»։

Ստեփանյանն ասաց, որ այս խնդիրները միշտ էլ եղել են, բայց ոչ այս ծավալներով։ Խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ վերամշակող արտադրամասերը սկսել են կաթի գինը արհեստականորեն իջեցնել: Այդ ժամանակ արդեն ֆերմերները սկսեցին իրացման այլընտրանքային ճանապարհ փնտրել, մեկը՝ ինքը կաթը սկսեց ինքնուրույն վերամշակել, մի մասն էլ ընտրեց այս մեթոդը՝ գնալ միանգամից հաճախորդի մոտ և ուղիղ կապ ստեղծել, որպեսզի միջնորդավճարը մնա իրեն։

«Երբ մենք կաթը տալիս ենք այս կամ այն գործարանին, այդ կաթի 1 լիտրը 500-600 դրամ է՝ միջինացված գնով, իսկ ֆերմերը այդ կաթը տվել է 150-180 դրամով, մինչդեռ հաճախորդը, ենթադրենք՝ Երևանի քաղաքացին, այդ կաթն առնում է նվազագույնը 600 դրամով: Հիմա քաղաքացին կաթը գնում է 300 դրամով, իրեն սա ձեռնտու է, կես գինն է վճարում, ֆերմերն էլ, 150-180 դրամով վաճառելու փոխարեն, վաճառում է 300 դրամով։ Սա բիզնես է, ձեռք է տալիս, և այս սոցիալական կապերը գնալով ավելի են ամրանալու, որտեղ պետք է լուրջ ինտերակտիվ աշխատանքներ տանել՝ անվտանգության նկատառումներից ելներով, որովհետև այս կապը երկուսին էլ ձեռնտու է։ Այնպես չէ, որ շատ մասսայական բնույթ է կրում, օրինակ՝ շատերը գիտեն, որ պետք է եռացնեն, նոր օգտագործեն, բայց սա պետական վերահսկողությունից դուրս է»,- նշեց նա։

Ստեփանյանի խոսքով՝ տեսչական մարմինները որևէ բան չեն կարող անել, որովհետև ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կարող են միայն գործ ունենալ, այն էլ՝ ստուգումների մասին օրենքի շրջանակներում, այնինչ այստեղ այլ բնույթի ճնշում պետք է գործադրել։ Պետք է գնալ առաջնային արտադրողի մոտ, հասկանալ նրա խնդիրները, հասկանալ պատճառները, ստեղծել կաթ վերամշակողների ասոցիացիա ու դրա միջոցով կարգավորել այս խնդիրները։ Մի մասը ֆերմերներն են վերամշակում՝ դրանից ստանալով մածուն, պանիր, կաթի սեր, ու սա իրացնում են, որը էլի հիմնական դիտարկումից դուրս է մնացել։

«Չվերամշակված կաթը նաև արտահանվում է, հիմնականում Վրաստան՝ խաչապուրիի պանիր ստանալու համար։ Այստեղ ապրանքի իրացման համար ամեն մեկն իր մեթոդն է ընտրել։ Բոլորն ունեն առավելագույն կաթ ստանալու խնդիր, իսկ ՀՀ-ում բավարար մասնագետներ չկան, և կովերի կերակրման մասով ևս խնդիր կա»,- հավելեց մեր զրուցակիցը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը