Միտք 4 տարի առաջ - 11:55 28-03-2022

Ով ում շահերն է պաշտպանում մեր երկրում

Հայաստանի ազգային շահերին հակասող տեքստը, գործողությունը, տրամադրությունը քաղաքական տեքստերում որակվում են՝ հակահայկական։ ՀՀ ազգային շահերի ներկայացուցիչ-պաշտպանը ՀՀ քաղաքացին է, առաջին հերթին՝ հայ քաղաքական-պետական գործիչը, նրա խոսնակը, գործակալը։ ՌԴ ազգային շահերի ներկայացուցիչ-պաշտպաններն են՝ ռուս քաղաքական-պետական գործիչը, նրա խոսնակը, գործակալը։ Նրանք հակառուսական են որակում Ռուսաստանի ազգային շահերին հակասող տեքստը, գործողությունը, տրամադրությունը։

Հայաստանի չբարեկամները ՀՀ ազգային շահերի դեմ քայլեր են կատարում, հակահայկական տեքստեր հրապարակում, հակահայկական տրամադրություններ տարածում։ Վերջին շրջանում հակահայկական են որակվում՝ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները, Հայաստանի ինքնիշխանության և Արցախի ազատության դեմ չբարեկամ երկրների մամուլում հրապարակումները, միջազգային ամբիոններից Հայաստանի և Արցախի ազատության դեմ հնչող ելույթները, այսպես կոչված՝ «Շուշիի հռչակագիրը», Ադրբեջանի կողմից Փառուխ գյուղի զավթումն ու փառուխցիների բռնագաղթը։ Այսպիսով ՀՀ քաղաքացին, հայ քաղաքական-պետական գործիչը, լրագրողը հրապարակավ ցույց են տալիս, որ իրենք մեր ազգային շահերի ներկայացուցիչ-պաշտպաններն են։

Ռուս քաղաքական-պետական գործիչը, նրա խոսնակը, գործակալը հաճախ են կիրառում «հակառուսական» բառը, որով որակում են՝ Ուկրաինայի մղումը դեպի ԵՄ և ՆԱՏՕ, ՌԴ ագրեսիվ հավակնությունների դեմ ելույթները, միջազգային պատժամիջոցները, ՌԴ ագրեսիան դատապարտող միջազգային բանաձևերը և այլն։ Թուրք քաղաքական-պետական գործիչը, նրա խոսնակը, գործակալը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները որակում են հակաթուրքական ցույցեր։ Հայերեն քաղաքական բառապաշարում «հակաթուրքական» բառը չկա։ Հայ մարդուն բոլորը թուրքական գործակալ կճանաչեն, նույնիսկ՝ կմեղադրեն դավաճանության մեջ, եթե նա դեպի Ծիծեռնակաբերդ ավանդական երթը հակաթուրքական ցույց որակի։

Պարզ ասած՝ «հակաթուրքական» բառը թուրքական քաղաքական տեքստերում է կիրառվում, «հակառուսական» բառը՝ ռուսական տեքստերում։ Այս առումով՝ տարօրինակ է, թե ինչու են որոշ հայ քաղաքական գործիչներ, լրագրողներ կիրառում «հակառուսական» բառն այնպես, ինչպես ռուս քաղաքական գործիչը, նրա խոսնակը, գործակալը։ Միթե՞ այդ որոշ հայ քաղաքական գործիչներն ու լրագրողները չգիտեն, որ ՀՀ-ն անկախ-ժողովրդավարական պետություն է, ունի ազգային շահեր, որոնք տարբեր են այլ պետությունների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի շահերից։ Կամ արդյո՞ք գիտակցում են, որ այդպիսով տպավորություն կարող են տարածել, որ իրենք ՌԴ ազգային շահերի ներկայացուցիչ-պաշտանն են։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ