Երևան +13°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:19 17-03-2022

Որդուս մարմինը ճանաչել են հայրս ու եղբայրս՝ դեմքի խալով, մարմնի կեսն էլ չի եղել. զոհվածի մայր

«Ատամհատիկին որ մենք բաներ էինք դրել, չգիտեմ ինչի՝ քարտեզ էլ էինք դրել, ինքը քարտեզը վերցրեց ու դրանից հետո սկսեց ճանապարհորդել իր մասնագիտությամբ՝ բռնցքամարտիկ էր, չեմպիոն, հայտնվել է առաջին հորիզոնականում ու շատ մրցանակներ է բերել մեր պետության համար՝ Եվրոպայից, ամբողջ աշխարհից»,- այսպես սկսեց պատմել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված որդու՝ Ավագ Նազարյանի մասին մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը։

Մայրը պատմում է, որ Ավագը սովորել է քոլեջում՝ մինչև 12-րդ դասարան, դրանից հետո անվճար ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ու հաջորդ ամիս՝ հուլիսի 7-ին, գնացել բանակ.
«Ինքը որ գնաց բանակ, քովիդի պատճառով չկարողացանք իրեն տեսնել, իրենց միանգամից չէին տարել Ջաբրայիլ՝ քովիդի պատճառով, Մարտունիում էին, մի ամիս մնացել էր այնտեղ ու առանց մեր ներկայության ընդունել է պրիսյագը: Հետո տարել են Ջրական, որտեղ էլ պատերազմը սկսվել է»։

Մարինեն պատմում է, որ Ավագը Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ընդունվելուց անմիջապես հետո՝ ամառային զորակոչին, գնացել է բանակ ու չի հասցրել վայելել ուսանողական կյանքը։ Բանակում Ավագը եղել է հետախույզ-դիպուկահար ու այնտեղ իրեն լավ է զգացել: «Բողոք չի ունեցել, մի հատ չի տրտնջացել, շատ հպարտ է եղել՝ ես էլ, ինքն էլ, բոլորս հպարտ ճանապարհել ենք, որովհետև գիտեինք, որ կծառայի հայրենիքին»,- հուզված պատմում էր մայրը։

«Ինձ միշտ ասում էր՝ մա, ինչ կա քո մոտ, ու միշտ ասում էր՝ սաղ տոչնի ա։ Մամաները միշտ ուզում են իմանալ, չէ՞, իրենց երեխաներն ինչ են անում, ինչ են ուտում, ուր են գնում, բայց ինքը չէր սիրում, որ իրենից հարցնում էի»։

Պատերազմի ժամանակ Ավագը Մեխակավանում է եղել, այնտեղ մասնակցել է թեժ մարտերի ու ամեն ինչում եղել է առաջինը։ Մարտերի ժամանակ իր հետ կռված ընկերը պատմել է, որ Ավագն ասել է, թե ինքը ամեն բան կանի. «Վաշտում իրեն ասում էին՝ դու նորեկ ես, չես կարող, ասում էր՝ ոչինչ, ես ամեն տեղ կգնամ. ամեն ինչում ուզում էր առաջինը լինել»։

Մարինեն պատմում է՝ քանի որ որդին երկու հեռախոսներից մեկը կոտրել էր, մյուսը՝ կորցրել, իր հետ կապ հաստատում էր ընկերների հեռախոսներով. «Մինչև հոկտեմբերի 13-ը՝ զոհվելու նախորդ օրը, մեզ հետ կապ է հաստատել, հետո մենք ենք զանգել այդ համարներով ու կապ հաստատել իր հետ։ Մենք մտածում էինք, երևի որ ասում են՝ մի զանգեք, դրա համար չի պատասխանել, բայց դեպքն արդեն եղել էր հոկտեմբերի 13-ին։ Ավագը գրադի հարվածից է մահացել՝ իր զինակից նորակոչիկի և հրամանատարի հետ։ Մեզ ասում էին՝ 15-ին է զոհվել, բայց ես զգում էի, որ հոկտեմբերի 13-ին է մահացել տղաս, էդ օրն ահավոր էին մարտերը»։

Մարինեի խոսքով՝ այդ ընթացքում իրենք անընդհատ ման են եկել Ավագին, լուրը լսելուց հետո չորս օր սպասել են, այնուհետև հանրապետության բոլոր դիահերձարաններով, հիվանդանոցներով փնտրել են որդու մարմինը ու չեն գտել. «Մտածեցինք, որ անգիտակից պառկած է Գորիսի հիվանդանոցում, բայց Գորիսի դատաքննիչն ասաց, որ եթե չենք գտել, ուրեմն կամ պետք է դաջվածք ունենա, կամ խալ, եթե չէ, ուրեմն գերի ընկած կլինի։ Բայց ես ասացի, որ տղաս գերի ընկնող չէ. նռնակը կքաշեր, ինքն էլ հետը կմահանար, բայց չէր ընկնի գերի»։

Մայրը պատմում է, որ որդու մարմինը տևական ժամանակ փնտրելուց հետո ԴՆԹ են հանձնել, որի պատասխանը եկել է մեկ ամիս անց. «Հայրս ու եղբայրս ճանաչել են Ավագին՝ խալով, որովհետև որդուս մարմնի կեսը չի եղել, իր երկու խալից են ճանաչել՝ այտի ու վզի։ Դա էր մնացել իրենից՝ որպես մեզ ապացույց, ինձ էլ չտարան մորգ»,- հուզվեց մայրը։

Ավագն ունի երկու մեդալ՝ «Արիության» ու «Մարտական խաչի»։


Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:05 Սամվել Ալեքսանյանի կինն ու աղջիկները, «Մարիաննայի» և «Վիվառոյի» սեփականատերերը․ Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքի մասնակիցները
09:00 Գիշատիչների խնջույք. ինչո՞ւ է փող հավաքում Աննա Հակոբյանը  
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
08:35 Լույս չի լինի Երևանի և մարզերի հետևյալ հասցեներում
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
10:30 44-օրյայի զոհերի անունները թաքցնող ՔՊ-ն խոսում է 1.5 մլն ցեղասպանվածներին նույնականացնելուց
12:30 Տուգանքի փողը ես եմ մուծելու. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին
13:29 Կհորդորեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, դա մեղք է. ՔՊ պատգամավոր
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
18:30 Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել