Արտաքին 4 տարի առաջ - 20:16 14-03-2022

Իսրայելը հրաժարվել է օգնել ՌԴ-ին պատժամիջոցները շրջանցելու հարցում

Իսրայելը չի ​​օգնի Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի վրա հարձակման համար։ Այս մասին մարտի 14-ին Twitter-ում գրել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը։

«Իսրայելը Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները շրջանցելու ճանապարհ չի դառնա: Իսրայելի ԱԳՆ-ն այդ հարցը համակարգում է գործընկերների, այդ թվում՝ Իսրայելի բանկի, Ֆինանսների, Էկոնոմիկայի և Էներգետիկայի նախարարությունների, օդանավակայանների վարչակազմերի հետ»,- գրել է Լապիդը, որն այսօր Սլովակիայում քննարկել է Ուկրաինայի հարցը:

Իսրայելը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։

«Երկրի տարածքային ամբողջականության խախտումը և խաղաղ բնակչության սպանությունն արդարացված չեն»,- այս թեմայի վերաբերյալ նշել է նախարարը։

«Իսրայելը հնարավոր ամեն ինչ կանի միջնորդական ջանքերին օգնելու, կրակոցները դադարեցնելու և խաղաղությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք մեր ամենամեծ դաշնակցի՝ ԱՄՆ-ի և մեր եվրոպացի ընկերների հետ՝ կանխելու այս ողբերգության շարունակությունը»,- գրել է Լապիդը:

Նա հավելել է, որ Իսրայելն ու Սլովակիան համագործակցում են Ուկրաինայի տարածք մարդասիրական օգնություն հասցնելու հարցում։

Ամենից շատ դիտված