Ներքին
12 րոպե առաջ
Արտաքին
17 րոպե առաջ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանը նվաճեց երեք մեդալ՝ երկու արծաթ եւ մեկ բրոնզ: Եզրափակիչ դուրս եկած Հրաչյա Մարգարյանն ու Նարեկ Հարությունյանը համառ պայքարում բավարարվեցին արծաթե մեդալներով: Բրոնզե մեդալի համար պայքարող Մուշեղ Մկրտչյանը 3:0 հաղթելիս, պարտվեց չելենջով:
70 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Նարեկ Հարությունյանը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Էլբակիձեի հետ եւ ոսկե մեդալի համար թեժ պայքարում պարտվեց 5:6 հաշվով:
Առաջին մրցափուլում 21-ամյա ըմբիշը 5:0 հաշվով հաղթում էր: Երկրորդ մրցափուլի մեկնարկում գորգի մրցավարը նկատողություն տվեց Հարությունյանին եւ հնարքի գնալու համար 10 վայրկյան ժամանակ: Այդ ընթացքում վրացի ըմբիշը 4 միավորանոց գլորում կատարեց եւ նկատողությունով հաշիվը դարձրեց 5:5՝ Նարեկ Հարությունյանի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլի վերջնամասում Հայաստանի ներկայացուցիչը եւս մեկ միավոր ավելացրեց իր հաշվին, բայց վրացի ըմբիշի մարզիչները բողոքարկեցին: Կողային մրցավարները բավարարեցին բողոքարկումը, մեկ միավոր տալով Գիորգի Էլբակիձեին եւ մեկ միավոր հանելով Նարեկ Հարությունյանի հաշվից: Գոտեմարտի ավարտն ազդարարող սուլոցի պահին հայ ըմբիշը երկու միավորանոց գլորում կատարեց, բայց գորգի մրցավարը չհաշվեց, քանի որ ժամանակն արդեն ավարտվել էր:
Նարեկ Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից որտեղ 8:6 հաշվով հաղթել էր մակեդոնացի Ֆաթի Վեյսելին, կիսաեզրափակիչում 6:2 հաշվով առավելության էր հասել բուլղարացի Իվան Ստոյանովի նկատմամբ:
65 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Մարգարյանը 1:4 հաշվով պարտվեց Ադրբեւանի ներկայացուցիչ Զիրադին Բայրամովին եւ նվաճեց արծաթե մեդալ:
Մարգարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ հաղթել էր Շվեցարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Լարիցին (10:2), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չի տվել գերմանացի Լեոն Գերշտենբերգերին նկատմամբ(11:1), իսկ կիսազերափակիչում 4:2 հաշվով առավելության է հասել Բելգիայի ներկայացուցիչ Այուբ Մուսաեւի նկատմամբ:
79 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուշեղ Մկրտչյանը մրցավարների կողմնապահությամբ եւ չելենջով պարտվեց թուրք Աբդուլվասի Բալթային:
Առաջին մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչը մեկ միավոր վաստակեց, երկրորդ մրցափուլում երկու միավորանոց գլորումով հաշիվը դարձրեց 3:0: Թուրք ըմբիշի մարզչական խումբը բողոքարկեց գորգի մրցավարի որոշումը եւ հաղթեց չելենջը՝ հաշիվը դարձնելով 1:1՝ թուրք ըմբիշի առավելությամբ: Գոտեմարտի ավարտին երկու ըմբիշներն էլ մեկ միավորանոց հնարք կատարեցին, բայց գորգի մրցավարը հաշվեց Թուրքիայի ներկայացուցիչի հնարքը: Գոտեմարտն ավարտվեց 2:1 հաշվով՝ Աբդուլվասի Բալթայի հաղթանակով:
Մուշեղ Մկրտչյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել լեհ Պատրիկ Չյուրժինսկիի նկատմամբ (10:5): Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվել էր հունացի Գերոգիոս Կուգիումցիդիսին (7:10):
Ավելի վաղ 57 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10:0 հաշվով հաղթել էր Թուրքիայի ներկայացուցիչ Յուսուֆ Դեմիրին եւ նվաճել բրոնզե մեդալ: