Ոստիկաններին զանգում և ասում են, թե ում բռնեն. Չախալյանը՝ երեկվա ձերբակալությունների մասին
copy image url

Ոստիկաններին զանգում և ասում են, թե ում բռնեն. Չախալյանը՝ երեկվա ձերբակալությունների մասին

Ներքին 3 տարի առաջ - 18:48 05-03-2022
Փետրվարի 25-ին Եռաբլուրում մեկնարկեց ստորագրահավաք, որի կազմակերպիչները՝ լրագրող Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, Վահագն Չախալյանն ու նրանց մյուս համակիրները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ստորագրահավաքը շարունակվում է: «Ազատագրական շարժման» կազմակերպիչները հայտարարում են, որ քաղաքացիները կարող են միանալ ստորագրահավաքին Հյուսիսային պողոտայում, մարզերի քաղաքներում, ինչպես նաև Արցախում:

Երեկ՝ մարտի 4-ին, Նաիրի Հոխիկյանը հայտնեց, որ ոստիկանությունը առանց պատշաճ պատճառաբանության բերման է ենթարկել «Ազատագրական շարժման» անդամներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին: Oragir.news-ը զրուցել է շարժման կազմակերպիչ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամ Վահագն Չախալյանի հետ, ով երեկ իր համակիրների ձերբակալության ականատեսն է եղել:

«Երբ ոստիկանության շարժը նկատեցի, արդեն պարզ էր, որ նրանք ձերբակալելու են: Իրենց վերջին տարիների աշխատելաոճն այսպես է. ոստիկաններին զանգում և ասում են, թե ում ձերբակալեն, անգամ անուններն են տալիս, օրինակ՝ երեկ ինձ չձերբակալեցին, չնայած երբ եկել ու հարցնում էին, թե ով է Նիկոլի ծաղրանկարը փակցրել մեքենաներին կամ այլ տեղեր, բոլորս էլ ասում էինք՝ մենք ենք արել, ես ավելի ակտիվ էի ասում՝ ես եմ արել, բայց ինձ չձերբակալեցին, որովհետև իմ անուն-ազգանունը իրենց ցուցակում չկար, հետևաբար այստեղ օրինականության մասին խոսք լինել չի կարող, ամբողջը հրահանգվում էր սենյակներից»,- ասաց Չախալյանը:

Նրա կարծիքով, իշխանությունը չէր սպասում, որ ստորագրահավաքը կողջունվի ժողովրդի կողմից, կարծում էին, թե շատ քիչ մարդիկ են միանալու, որից էլ կազմակերպիչները հոգնելու են ու չեն շարունակելու. «Շատ կարճ ժամանակում հազարավոր մարդիկ են միացել, հատկապես երեկ շատ ակտիվ էին մեր քաղաքացիները, կարող եմ ասել, որ երեկ ամենաակտիվ օրն էր, և երբ տեղեկություն հասավ նրանց, որ թափ է ստացել ստորագրահավաքը, ու արդեն պլանավորում ենք մեր հաջորդ շաբաթը, որոշեցին այդպիսի քայլի դիմել: Անշուշտ, սա հուսահատական և ոչինչ չտվող քայլ է»:

Հարցին՝ քանի՞ մարդ է միացել ստորագրահավաքին, Չախալյանը կոնկրետ պատասխան չտվեց. «Մենք շատ շուտով կներկայացնենք այդ թվերը, բայց կարող եմ ասել, որ շատ են թե՛ էլեկտրոնային տարբերակով ստորագրողները, թե՛ նրանք, ովքեր անձամբ են մոտենում մեզ ու ստորագրում: Ուզում եմ անպայման շեշտել, որ այդ հաշվարկը Մուկուչյանը չի անելու, որի ծառայություններից, ինչպես գիտենք, պոռոտախոս Նիկոլը չհամարձակվեց հրաժարվել»:

Ըստ Չախալյանի՝ իշխանություններին խուճապի է մատնում հատկապես այն, որ «Ազատագրական շարժմանը» միացողներն ու կազմակերպողները հիմնականում նոր դեմքեր են՝ երիտասարդ ուժեր, և Նիկոլ Փաշինյանի հանցավոր վարչախմբի գլխավոր զենքը՝ նախկինների վերադարձի գերշահարկումը, որը իր միակ քաղաքական հենարանն է, արդեն չի աշխատում. «Նրանք ամեն կերպ փորձում են օրակարգ բերել այն, որ այս ստորագրահավաքի հետևում այս կամ այն նախկին ուժն է կանգնած, սակայն ես վստահ եմ, որ ժողովուրդը չի հավատում իշխանության ստերին: Փաշինյանի ձեռքի տակ եղած միակ զենքը չի աշխատում, և այս խուճապը հենց դրանից է»:

Հիշեցնելով, թե ինչպես սկիզբ առավ շարժումը, Չախալյանը շեշտեց. «Մենք Եռաբլուրում նշում էինք զորավար Անդրանիկի ծննդյան 157-րդ տարեդարձը և այնտեղ հայտարարեցինք ստորագրահավաքի մասին. դա նրանք փորձեցին շահարկել, ինչը ևս չաշխատեց, որովհետև շատ զոհվածների հարազատներ կանգնեցին և ասացին, որ իրենք էլ են մասնակցում: Ստացվում է, որ էլ ոչ մի աշխատող տարբերակ չունեն, իրենց մնացել է ավանդական մեթոդաբանությունը՝ ճնշումը ոստիկանական ուժերի միջոցով»:

Ոստիկանության մասին խոսելիս Չախալյանը, օգտվելով առիթից, մի քանի «հուշումներ» արեց ոստիկանապետին. «Թող ծանոթանա հարևան Վրաստանի ոչ վաղ անցյալի պատմությանը, թող ծանոթանա, թե ինչ ճակատագրի արժանացավ «Վարդերի հեղափոխության» գլխավոր գործիք Վանո Մերաբիշվիլին, նա 8 տարուց ավելի բանտում նստեց, պատժվեց իր հանցագործությունների համար և այսօր էլ արդեն կիսամարդ վիճակում է, և թող ոչ ոք չոգևորվի և չմտածի, թե եթե ինքը այսօր իշխանություն է, կարող է օրենքից վեր լինել, անօրինականություններով պահել իշխանությունը»:

Խոսելով հետագա անելիքների մասին՝ Չախալյանն ասաց, որ երբ սկսել են շարժումը, հաշվի են առել բոլոր հնարավոր բռնաճնշումները և սպասում են նաև այլ սադրանքների: «Մենք նաև հաշվի ենք առել, որ միգուցե իրենց ձեռքի տակ եղած օլիգարխների միջոցով գնան սադրանքների, նաև՝ այս կամ այն իշխանությանը կցված փողոցային թափթփուկների միջոցով, և ասեմ, որ նման մանր-մունր սադրանքներ արդեն տեղի են ունեցել, բայց դրանք չեն կարող որևէ կերպ խոչընդոտել մեր գործունեությանը: Միայն քաղաքացիների ակտիվությունից է կախված, թե ինչքան երկար կմնա այս խարխուլ իշխանությունը»,- եզրափակեց նա:


Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված