Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:08 01-03-2022

ՀՀ բուհերի ռուսերենի ավելի քան 40 դասախոս մասնակցում է վերապատրաստման դասընթացի

Մոսկվայի Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի առաջատար մասնագետները Երևանում վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՀՀ բուհերի ռուսերենի ավելի քան 40 դասախոսի համար:

Դասընթացների մեկնարկը տրվեց փետրվարի 23-ին Երևանում՝ «Դոմ Մոսկվի» կենտրոնում:

«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ կրթության ոլորտը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է: «ՀՀ տարբեր քաղաքներում ռուսաց լեզվի 40 անվճար դասընթաց է կազմակերպվում: Այն ուսուցիչները, որոնք դասավանդում են ռուսաց լեզու, ձգտում են բարձրացնել իրենց մասնագիտական որակները, և այս ծրագիրն անհրաժեշտ էր, որ ՀՀ բուհերում վերապատրաստում իրականացվի, քանի որ կյանքը փոխվում է, աշխարհը փոխվում է, դասավանդման նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ են առաջ գալիս: Պետք էր այդ մեթոդներին ու տեխնոլոգիաներին ծանոթացնել մեր դասախոսներին»,-շեշտեց Կարապետյանն ու հավելեց, որ ծրագիրը շարունակական կլինի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն ասաց, որ շատ են կարևորում օտար լեզուների ուսուցումը ՀՀ-ում և ռուսաց լեզվի ուսուցումը բացառություն չէ: «Նման նախաձեռնությունները նպաստում են օտար լեզու դասավանդող դասախոսների, ուսուցիչների մասնագիտական որակի և կատարելագործման բարձրացմանը: Կրթությունն արագ զարգացող ոլորտ է, և մենք պետք է կարողանանք այդ փուլերին համահունչ իրականացնել ուսուցիչների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացումը»,-նշեց նա:

Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի լեզվական քաղաքականության և միջազգային կրթության հետազոտության կենտրոնի ղեկավար Սվետլանա Կամիշովան շեշտեց, որ Երևանում վարեպետության դասեր անցկացնելու համար ժամանել է բարձրակարգ մասնագետների աստղաբույլ՝ Վլադիմիր Կարասիկը, Լևոն Սահակյանը, Տատյանա Նեստերովան և այլք:

«Արդեն հնարավորություն եմ ունեցել մեկ դասախոսություն կարդալու այստեղ և պետք է փաստեմ, որ ՀՀ բուհերի դասախոսները չափազանց հետաքրքրված են, շատ կրեատիվ են և հաղորդակցվող: Ես երջանիկ եմ, որ իմ դասախոսությունը նման հետաքրքրություն է առաջացրել: Դասընթացի մասնակիցները շատ հստակ հարցեր են հնչեցնում: Ակնհայտ է, որ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումը շատ կարևոր է, անգամ տնտեսական կատեգորիա է դարձել: Ինձ հարցնում են, թե ի՞նչ նորագույն մեթոդներով է անհրաժեշտ դասավանդել բանկային ոլորտի ներկայացուցիչներին, օպերային երգիչներին և այլն: Նրանք գիտակցում են, որ մենք ռուսաց լեզու չենք սովորեցնում, այլ կոնկրետ ֆունկցիոնալ տարատեսակները: Դասընթացի մասնակիցներն ուզում են իմանալ, թե ինչ դասագրքեր կան, ինչ նոր մեթոդներ են հայտնվել և այլն: Մեզ հրավիրել են բուհեր, դպրոցներ: Մեր ինստիտուտի մասնագետների հետ հաղորդակցվելու պահանջը մեզ շատ է ուրախացնում: Կանենք այն ամենը ինչ հնարավոր է»,-եզրափակեց Կամիշովան:

Վերապատրաստման դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն որակավորման բարձրացման վկայականներ։

Դասընթացները, որոնք ներառում են լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն, իրականացնում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան