Կառավարության հերթական նիստի ընթացքում օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի համար օգտագործել է «Հայկական խաչմերուկ» տերմինը՝ նշելով, որ ավտոճանապարհի շինարարական աշխատանքները շարունակվում են և այն ամենամեծ ու աննախադեպ ներդրումային ծրագիրն է։ Թե ինչ է դա իրենից ենթադրում, և տերմինն արդյո՞ք Սյունիքի համար վտանգ ներկայացնում է, թե՞ ոչ, քանի որ բազմաթիվ թուրքագետներ ասում են, որ արևելք-արևմուտք տերմինը դա պանթուրքիզմին տանող ճանապարհ է,
Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
Ոսկանյանն ասաց, որ «Հայկական խաչմերուկ» ասելով՝ նկատի ունեն ոչ թե «Հյուսիս-հարավը», այլ դրան գումարած, այսպես կոչված, արևելք-արևմուտք տրանսպորտային հանգույցը, այն շատ հստակ ծրագիր է, որն իր մեջ ներառում է ավտոմայրուղու շինարարություն, որը պետք է կապի իրանական և վրացական նավահանգիստները։
«ՀՀ տարածքը պետք է օղակ լինի Պարսից ծոցի և մյուս կողմից՝ Սև ծովի միջև, հետևաբար՝ «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղին ՀՀ տարածքում նաև իրանական կողմից առաջ մղվող նշածս տրանսպորտային ճանապարհի հանգույցներից մեկն է, մյուս կողմից կա հնդկական «Հյուսիս-հարավ» տրանսպորտային հանգույց, որը ենթադրում է Հնդկաստանից բեռների փոխադրում Իրանի տարածքով՝ ՀՀ-ով դեպի հյուսիսային Եվրոպա, այսինքն` այդ մայրուղին մաս է հանդիսանում երկու միջազգային խոշոր ծրագրերի»։
Ոսկանյանն ասաց, որ ինչ վերաբերում է արևելք-արևմուտք ավտոճանապարհին՝ ապա դա տեղավորվում է Թուրքիայի կողմից առաջ մղվող, այսպես կոչված, միջին միջանցքի տրամաբանության շրջանակներում։ Թուրքական կողմը կարծում է, որ այդ տրանսպորտային հանգույցը պետք է կապի Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի հետ և չինական Մետաքսի ուղու հատված դառնա։ «Չինական կողմը, փաստորեն, առնվազն մինչ այս պահը զրո շահագրգռվածություն ունի թուրքական այս ծրագրով՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, քանի որ բոլորի համար պարզ է, որ թուրքական ծրագիրը միտված է ապահովելու ոչ միայն թուրքական շահերը Կենտրոնական Ասիայում, այլև Թուրքիայի աշխարհաքաղաքական ներկայությունը Կենտրոնական Ասիայում, և նաև Չինաստանի անքակտելի մաս կազմող Սինդիանում, որը թուրքական կողմը հաճախ կոչում է «Արևելյան Թուրքմենստան» անունով, և այս իմաստով չինական կողմը որևէ շահագրգռվածություն ցույց չի տալիս»։
Անդրադառնալով ՀՀ-ի այդ ծրագրին մաս կազմելու գաղափարին, ասաց, որ, ըստ էության, մաս է դառնում թուրքական պրոյեկտի, և դա չկոչենք արևելք-արևմուտք անհասկանալի անունով, որովհետև դա ՀՀ տարածքով անցնելիք թուրքական տրանսպորտային հանգույցի մի մաս է հանդիսանալու, իսկ դա մեզ ձեռնտու չի կարող լինել, քանի որ դա շատ պարզ և կարևոր բանաձև է. «Թուրքիային և Ադրբեջանին պետք չէ հզոր Հայաստան, սա շատ պարզ ու հասկանալի բանաձև է, հետևաբար որևէ թուրքական ծրագիր միտված է լինելու ոչ թե ՀՀ-ի հզորացմանը, այլ թուլացմանը և վասալական կախվածությանը, իսկ ՀՀ-ն չպետք է որևէ գումար ծախսի այս ծրագրի վրա, եթե պետք է ծախսի, ապա դա պետք է բացառապես ուղղեն «Հյուսիս-հարավ»-ի շինարարությանը»։
Մեր այն հարցին՝ կառավարության նիստում քանի որ Փաշինյանն ասաց, որ աննախադեպ ծրագիր է իրականացվում՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությամբ, չնշելով, որ այդ աշխատանքներն, օրինակ, սկսվել են դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ՝ ասաց, որ իրականության մեջ տնտեսական բաղադրիչի մասին քիչ բան կարող է ասել, բայց խիստ անհասկանալի է մնում, թե ինչու է այդքան դանդաղ լինում, և խոսելով Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի մասին՝ նշեց, որ չնայած նրան, որ տեղանքը շատ բարդ է, բայց այդ հատվածի շինարարությունը միանշանակ բխում է ՀՀ շահերից՝ որքան էլ դա թանկ արժենա, այն պետք է միանշանակ կառուցվի։ «Խնդիրն այն է, որ արդյո՞ք ներկա իշխանությունները դա ունակ են անելու, իսկ ընդհանրապես ՀՀ-ն իր աշխարհագրական դիրքի առումով խաչմերուկ է, և, կարծես թե, առաջին անգամ, որքանով որ ես եմ հիշում, այդ տերմինն ասել եմ ինքս, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է խաչմերուկ հանդիսանա պանթյուրքական շահերի համար, հետևաբար՝ մենք չենք կարող կապող օղակ հանդիսանալ երկու պետությունների միջև, որոնցից մեկում հարգում և մեծարում են մեզ ցեղասպանած երիտթուրքերին, իսկ մյուսում գոյություն ունի տխրահռչակ ու խայտառակ «Ռազմավարի պուրակը»։ Այսինքն` տրանսպորտային ծրագիր ենք իրականացնելու երկու պետությունների հետ, որոնք ունեն բացահայտ թշնամական վերաբերմունք մեր նկատմամբ, որն ուղղակի անարգանք է բոլորիս համար»։
Քնարիկ Պետրոսյան