Միտք 4 տարի առաջ - 09:54 15-02-2022

Թուրքի հետ հարևանության ու խաղաղության գինը Հայաստանն է. անտրտունջ գնում ենք դրան

Խորհրդարանական ընդդիմությունը «Շուշիի հռչակագիր» հորջորջվածի առիթով, որ արդեն Ադրբեջանի և Թուրքիայի օրենսդիր մարմինների կողմից վավերացվել և օրենքի ուժ է ստացել, դատապարտող նախաձեռնությամբ է փորձում հանդես գալ: Դեռ հարց է, նախատեսվող օրինագիծը կմտնի՞ ԱԺ օրակարգ: Բացի այդ, քվեարկության դրվելուց հետո, կստանա՞ անհրաժեշտ ձայներ օրինական փաստաթուղթ համարվելու համար՝ որպես Հայաստանի օրենսդիր մարմնի դիրքորոշում: Ամեն ինչ կախված է ԱԺ քաղաքական մեծամասնությունից: Մինչդեռ նման նախաձեռնությամբ պետք է հանդես գար հենց քաղաքական մեծամասնությունը, ոչ թե ընդդիմությունը, քանի որ այդ հռչակագիրը ուղղված է մեր պետության, պետականության, տարածքային ամբողջականության դեմ:
Ընդդիմությունը խորհրդարանին ու մեր հասարակությանն ահազանգում է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուղղակի հայտարարել են, թե առաջնորդվելու են հիմնականում 4 խնդիր լուծելու ուղղությամբ. «Ապօրինի բոլոր սահմանների ճանաչում ու պարտադրում, որ Հայաստանն էլ ճանաչի, Ցեղասպանությունից հրաժարում, Ադրբեջանի պահանջների բավարարում` Արցախի հարցում, և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ամրագրում»: Սա պետության ահազանգելու խնդիրն է միջազգային հանրությանը և դատապարտելու վճռականության դրսևորումը ժամ առաջ: Բայց տպավորությունն այնպիսին է, որ այդ փաստաթուղթը մեզ հետ կապ չունի կամ մենք Հայաստանը չենք, Թուրքիան ու Ադրբեջանն էլ միասին Շվեյցարիան են:
Եթե լռում ենք, ուրեմն ընդունում ենք: Եվ այդ լուռ համաձայնությամբ էլ հաշտեցման բանակցությունների ենք գնում այդ երկրների հետ: Լուռ ենք Թուրքիայի օրենքի ուժ ստացած պահանջներին: Եվ ասում ենք՝ հարաբերություններ առանց նախապայմանների: Լուռ ենք Ադրբեջանի նախագահի ոչ միայն օրենքի ուժ ստացած, այլև բացահայտ ու սպառնալից պահանջ-հայտարարություններին: Եվ ասում ենք՝ առանց նախապայմանների ենք սահմաններ գծում ու ճանապարհներ բացում:
Հարաբերություններ ստեղծելու, ճանապարհներ բացելու դիմաց Թուրքիային և Ադրբեջանին ուղղակի տանք այն, ինչ ուզում են բացահայտ ու քողարկված, տակն էլ մեզ ինչ կմնա՝ կմնա: Թուրքի հետ հարևանության ու խաղաղության գինը Հայաստանն է: Ենթադրություններ չենք անում, այդպես թուրքն է ասում և մեր առջև դնում: Իսկ մեր պետությունն ու իշխանությունները պատրաստ են վճարել: Անտրտունջ գնում են դրան: Հանուն ինչի՞:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի