Միտք 4 տարի առաջ - 09:49 11-02-2022

Գուցե վաղն էլ, ինչպես Սև լճի դեպքում, ասենք՝ հո Սյունիքի համար պատերազմ չե՞նք անելու

Մինչ Ազգային ժողովում քննարկում են` Նիկոլ Փաշինյանը Երևանում ավտոմատներո՞վ է շրջում, թե՞ առանց ավտոմատների, փորձագետները կանխատեսում են գարնանամուտին նոր պատերազմ Ադրբեջանի հետ: Այսինքն` ավտոմատներն այլ տեղում են՝ սահմանին և սահմանից ներս՝ թշնամու ձեռքերում, բնականաբար, կրակափողն ուղղված մեզ: Պատերազմ, որ առաջին հերթին Սյունիքի համար է, որտեղ արդեն մասամբ թշնամու զինված ուժերն են տեղակայված: Ադրբեջանը փորձելու է ռազմական սրընթաց ներխուժումով Սյունիքը կտրել Հայաստանից, այդպիսով լուծել և՛ միջանցքի խնդիրը, և՛ Նախիջևանով Թուրքիային միանալու թրքական դարավոր երազանքը: Բայց մենք նույնպես ձեռքներս ծալած նստած չենք, վստահեցնում է ԱԽ քարտուղարը, պատրաստվում, գործողություններ ենք իրականացնում, որոնք ոչ բոլոր մասերով են տեսանելի:

Իսկ թշնամու դեմն առնելու գործողությունների այն մասը, որ տեսնում ենք, ռազմական բյուջեին ավելի քիչ գումար հատկացնելն է, բանակի վերազինումն օրակարգում շոշափելիորեն չունենալը, նաև բանակում շուրջ 20 հոգու ձերբակալումն է՝ թշնամու համար լրտեսություն անելու մեղադրանքով: Սյունիքի ինքնապաշտպանություն կազմակերպող հրամանատարների կալանավորում: Ի վերջո, քայքայում ու բարոյալքում՝ անվտանգության ու պաշտպանության ոլորտներում:

Դեռևս մեր ժողովրդի մեծագույն հույսն այն է, հայկական ավանդական ու երբեք չփոխվող հույսը, որ Իրանը թույլ չի տա թուրքերը գրավեն Սյունիքը, Ռուսաստանը թույլ չի տա, Չինաստանը… Լավ փնտրելու դեպքում, քանի որ մեր երևակայությունն անսահման է, էսկիմոսները թույլ չեն տա, անգամ Հյուսիսային բևեռի սպիտակ արջերը: Մտքներովս բոլորն անցնում են, բացի մեզանից: Ցանկացածը, միայն թե՝ ոչ մենք: Ի դեպ, նաև պարտավոր են, իսկ մենք որևէ պարտավորվածություն չենք զգում և չունենք:

Այսուհանդերձ, մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև խաղաղության դարաշրջան ենք բացում: Սահմանագծման գործընթացում պայման չենք դնում, որ Ադրբեջանը դուրս գա մեր ինքնիշխան տարածքից, այլ առաջարկում ենք հայելային ետքաշում: Մենք պատրաստ ենք մեր կորցրած տարածքներից ավելի նահանջել, իսկ թշնամին չի պատրաստվում մեզանից գրաված տարածքներից համաչափ ետքայլ անել: Գուցե վաղն էլ, ինչպես Սև լճի դեպքում, ասենք՝ հո Սյունիքի համար պատերազմ չե՞նք անելու: Որովհետև մենք խաղաղություն ենք ուզում և պատերազմի չենք պատրաստվել:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան