Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:51 28-01-2022

Պարարտանյութը երեք անգամ թանկացել է

Արդեն մի քանի օր է՝ գյուղատնտեսներն ահազանգում են պարարտանյութերի գների կտրուկ բարձրացման մասին: Չորս ամսվա ընթացքում դրանք թանկացել են 60-70%-ով:

Նախկինում 7500 դրամով վաճառվող պարարտանյութն այսօր արդեն արժի 24-25 հազար դրամ: Պատճառը Հայաստանի սահմաններից դուրս է՝ համաշխարհային շուկայում պարարտանյութերի գնի բարձրացումը: Իսկ սա հետևանք է այն բանի, որ Եվրոպայում պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, և բացի այդ՝ աճել են գազի համաշխարհային գները:

Թե այս ամենն ինչ ազդեցություն կունենա գյուղմթերքի շուկայի վրա, և առաջիկայում ինչ սոսկալի գնաճի ենք ականատես լինելու, մնում է միայն ենթադրել:

Մասնագետները պնդում են, որ գնաճն անխուսափելի է լինելու, անկախ նրանից՝ գյուղացին կգնի՞ պարարտանյութ, թե՞ ոչ: Եթե գնի, բնականաբար ստիպված է լինելու թանկացման հետևանքով հավելյալ ծախսը «հանել» ապրանքի արժեքը բարձրացնելով: Պարարտանյութ չգնելու կամ քիչ օգտագործելու դեպքում էլ հնարավոր է բերքը քիչ լինի, և սա էլ իր հերթին կհանգեցնի գնաճի:

Պարարտանյութերի թանկացման մասին խոսել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ըստ նրա՝ շեշտակի թանկացել են թե՛ պարարտանյութը, թե՛ սերմնացուն, թե՛ դիզվառելիքը։ Նախարարը նշել է, որ այս ամենն ուղիղ ազդեցություն է ունենալու գյուղմթերքի, հետևաբար նաև ընդհանուր գնաճի վրա։

«Այս պահին մենք ինտենսիվ բանակցում ենք մի շարք երկրների արտադրողների հետ, որ հասկանանք, թե ինչ ձևով ենք աջակցելու գյուղացիական տնտեսություններին այս բոլոր խնդիրները լուծելու հարցում,- ասել է նա՝ հաստատելով։- Բերքի ժամանակ սա ուղիղ ազդեցություն է ունենալու վաճառվող բերքի, հետևաբար ընդհանուր գնաճի վրա»։

Թեև, եթե ավելի անկեղծ լինենք, պետք է արձանագրել՝ գյուղմթերքի ոլորտում թանկացումները վաղուց են սկսվել:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 11.2 տոկոսով: Միայն 2021-ի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճը 12.9 տոկոս է եղել:

Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ բանջարեղենի ապրանքախմբում 2021-ի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 40.0%, իսկ 2021-ի նոյեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ: Ընդ որում՝ նախորդ տարիներին երբեք բանջարեղենի գնաճն այսքան մեծ չէր եղել:

Մրգի ապրանքախմբում էլ 2021-ի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.8%, իսկ 2021-ի նոյեմբերի համեմատ` 4.9% գնաճ: Թեև այստեղ գնաճը շատ մեծ չէ, բայց և այնպես նկատելի է:

Իսկ հիշո՞ւմ եք՝ 2018-ի ամռան-աշնան ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես էր շրջում Երևանի շուկաներում, վաճառողներին հարցուփորձ անում այն ժամանակ արձանագրված գնաճի պատճառների մասին: Այդ ամենն, իհարկե, «ֆեյսբուքյան լայվերից» այն կողմ չանցավ և որևէ առարկայական հետևանք չունեցավ: Ուստի առավել ևս հիմա նման շոուների կարիք չկա: Փոխարենը կա գյուղացիների ծախսերն ինչ-որ տեղ սուբսիդավորելու և սոսկալի գնաճի դեմն առնելու խիստ անհրաժեշտություն:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին