Միտք 4 տարի առաջ - 21:40 24-01-2022

Նախագահի հրաժարականը պետականությունը կորցնելու ահազանգ է

Նախագահի հրաժարականի տեքստը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը»: Այնուհետև շարունակում է, որ նվիրվեց այդ առաքելությանը և չէր դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Իսկ հետո տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները: «…որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի»: Որ ինքը չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Եվ որ իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման: «Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խոր մտածված, կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»:

Անկախ տարակարծություններից, թե նոր խաղ է սկսվում, թե սա ինչ-որ բանի սկիզբ է, նախագահի հրաժարականը ոչ թե վերջնագիր, այլ վերջնահուշում է ուղիղ իմաստով մեր հասարակությանը, համայն հայությանը: Իսկ ինչու հիմա, երբ խեղդօղակը օր օրի պրկվում է Հայաստանի կոկորդի շուրջը և՛ Ադրբեջանի ճիրաններով՝ պարտադրելով իր ուզած խաղաղության պայմանագիրը, և՛ Թուրքիայի՝ միջանցքների ու էլ չգիտեմ՝ ինչ պահանջների հոխորտանքով: Թե ինչ նոր փաստաթուղթ է պատրաստվում, որի վավերացման պատասխանատվությունը չի ուզում կիսել նախագահը, այս պահին ստույգ չենք կարող մատնանշել: Միայն կարող ենք ենթադրել, որ վատ թուղթ, սև թուղթ է լինելու մեզ համար: Իսկ իր գործառույթների սահմանափակումը թույլ չի տալիս հակազդել, քանի որ չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Մնում է ուղղակի կերպով ասել, դիմել համայն հանրությանը, որ այլևս սխալվելու իրավունք չունենք, հակառակ պարագայում՝ մեր տեղը պատմության լուսանցքն է:

Համաձայնելով այն քննադատությունների հետ, որ նախագահը չի ընդդիմանում իշխանությունների ազգային ու պետական շահի դեմ ուղղված ինքնանպատակ գործողություններին, նաև համակերպվելով ինքնարդարացման փաստարկներին, այս հրաժարականն ընդունենք որպես անկարող մարդու դիմադրության վերջին ճիգ: Իր տեղում թողնելով այն կարծիքը, թե նախագահը թռավ, արժանապատիվ կլիներ, եթե հրաժարական ներկայացներ ոչ թե դրսից (եթե դա ստույգ է), այլ նախագահի նստավայրից՝ ուղիղ նայելով իշխանության և ժողովրդի աչքեր մեջ: Նա Հայաստանի նախագահն է, ոչ թե Մեծ Բրիտանիայի կամ ԱՄԷ-ի: Այդուհանդերձ, սա հերթական ու սովորական հրաժարական չէ, ահազանգ է սպասվող ծանր իրականությունից առաջ:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու