Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 20:53 21-01-2022

Արցախի կռիվը Սյունիքի համար էր

Ադրբեջանը Սյունիքը դիտարկում է որպես միջանցք: Թուրքիան վստահաբար նույնն է պնդում, պարզապես հոգնակի թվով՝ միջանցքներ: Դեռ չի շրջանառվում, թե Սյունիքից, բացի Հայաստանի էլ ո՞ր տարածքն է մատնանշվում որպես թուրք-ադրբեջանական միջանցք: Իսկ մենք ասում ենք՝ ճանապարհ: Այսպես թե այնպես տրված է՝ միջանցք թե ճանապարհ: Այդ երկու եղբայրական երկրների համար Արցախից շատ ավելի կենսական ու ռազմավարական, աշխարհաքաղաքական նշանակություն ունի Սյունիքը, ինչը ստանալու համար պետք է գրավեին Արցախը: Արցախի կռիվը Սյունիքի համար էր: Սյունիքը Երևանից էլ կարևոր է թուրքի համար. ձեռք գցելով Սյունիքը՝ նվաճում է Հայաստանը: Հասավ Մեղրի, կքայլի Երևան:

Իրանը դեմ է և ասում է, որ թույլ չի տա տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն, որովհետև թուրքական աշխարհն այդպիսով ևս մի պարիսպ է դնում Իրանի առաջ: Բայց որոշողը Իրանը չէ: Ռուսաստանից, հասկանում ենք, որ կհամաձայնի, եթե ինքը հսկի այդ միջանցքը: Այդպիսով և՛ ընդառաջում է Թուրքիային ու Ադրբեջանին, և՛ նրանց կապող օղակն է պահում իր ձեռքում: Իսկ փոխարենը մեկ այլ տեղում այդ երկրներից զիջում կստանա, հնարավոր է Ղրիմում, նաև Ադրբեջանը՝ ԵՏՄ:

Այդ երկրները գիտակցում և առաջնորդվում են իրենց ազգային, պետական շահով և Հայաստանը ծառայեցնում են հենց այդ նպատակին: Միայն Հայաստանն է, որ չի գիտակցում իր ազգային ու պետական շահը և ծառայում է այդ երկրների ցանկությունները բավարարելուն ու բացառապես նրանց շահը սպասարկելուն: Մենք նման ենք խաղատանը ապարատի առաջ կանգնած բախտախնդրի, որը ինքնաբերաբար ձեռքի ափով խփում է խաղակոճակին, հույս ունենալով՝ գուցե բախտը բերի: Բայց քաղաքականությունը բախտ չէ, խելք ու ուժ է, դիվանագիտություն:

Մեղրիով Իրանից կտրվելով՝ մենք կախվում ենք թուրքական աշխարհից: Դառնում ենք շնչառական սարքին միացված հիվանդ, որի փականը Թուրքիայի ձեռքում է: Որպեսզի ցանկացած պահի թուրքը չանջատի սարքը, մենք ստիպված ենք լինելու կատարել նրա բոլոր ցանկությունները: Դրանք չեն հնչելու որպես պահանջ ու նախապայման, այլ թեթև ցանկության նման, որի կատարումը մեզ համար լինելու է կամք ու օրենք: Կա հայտնի խոսք: Երբ Մյասնիկյանին հարցնում են՝ ինչո՞ւ տվեցինք Ղարաբաղն ու Նախիջևանը, պատասխանում է, որ Նարիմանովն ասաց՝ նավթ չեմ տա: Այսուհետև պատասխանելու ենք, որ թուրքն ասաց՝ օդի սարքը կանջատեմ:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ