Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:54 09-12-2021

Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել անվտանգության ապառազմականացված գոտու հրատապությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ և ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին անվտանգության ապառազմականացված գոտու ստեղծման հրատապությունը։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հանդիպման ընթացքում օրինակներով ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքները կոպիտ խախտող արարքներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին. կրակոցներ, հրդեհում են արոտավայրեր և այլն:

Հատուկ անդրադարձել եմ Սյունիքում ճանապարհների արգելափակմանը, նշել, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողների նշանառության ներքո են ճանապարհը, քաղաքացիական բնակիչները, նրանց տները:

Շեշտել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից»,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Նա հավելել է, որ պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի, որի մասին կետը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում:

«Բացատրել եմ, որ դա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար»,- գրել է Թաթոյանը և հավելել՝ հանդիպման ընթացքում որպես առանձին խնդիր նշել է, որ միջազգային կառույցները չեն այցելում Արցախ (Լեռնային Ղարաբաղ). ստացվում է՝ Եվրոպայի խորհրդի տարածքում կա վայր, որ հասանելի չէ ընդհանրապես, ինչը հակասում է հենց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բանաձևերին:

«Մանրամասն անդրադարձել եմ հայ գերիների ազատ արձակմանը, Հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում:

ԵԽ գլխավոր քարտուղարին շնորհակալություն եմ հայտնել պատերազմի սկզբում ու դրանից հետո զինված հարձակումները դադարեցնելու հայտարարությունների և կոչերի, իր անձնական ջանքերի համար:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բարդ ու ճգնաժամային իրավիճակում:

Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կարևորել է Պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դիրքորոշումներ ուղարկելու պրակտիկան: Ինքս կարևորել եմ այս պրակտիկան ու նաև նշել, որ դա անում ենք նաև ՀԿ-ների հետ համատեղ»,- հայտնել է ՀՀ օմբուդսմենը:

Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Զինված ուժերում մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Թաթոյանը հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարին է փոխանցել նշված թեմաներին վերաբերող արտահերթ զեկույցները:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ