Ներքին 4 տարի առաջ - 20:13 27-11-2021

«Սոչիում արձանագրվեց Սովետական Հայաստան նախագծի վերջի սկիզբը»․ ԱԺԲ հանրահավաքը և ստորագրահավաքը

«Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնությունը Ազատության հրապարակում անցկացրեց հերթական խաղաղ հանրահավաքը։

Մինչ հանրահավաքը և նրան զուգահեռ՝ ընթանում էր ստորագրահավաք, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը իրեն պետք է պաշտոնապես հռչակի որպես Առաջին Հանրապետության իրավահաջորդ և իրականացնի դրանից բխող քաղաքականություն։ Առաջին հերթին՝ դիմի ԱՄՆ-ին, որպեսզի նա ՀՀ-ին տա Միացյալ Նահանգների ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ։

Հանրահավաքին ելույթ ունեցան ԱԺԲ խորհրդի անդամները, որոնք ներկայացրին ԱժԲ ընդհանուր տեսլականը, խոսեցին ստեղծված իրավիճակի ու մասնավորապես երեկվա՝ Սոչիում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան-Պուտին հանդիպման մասին։

Վարուժան Ավետիսյանն իր խոսքում նշեց. «Դուք պայքարի առաջամարտիկ եք այնքան, ինչքան զինվորը սահմանին, մինչդեռ ՀՀ կառավարությունը մատը մատին չի տալիս կանխելու այս աղետը, մինչդեռ ամեն օր մենք գնում ենք կործանման։ Պետք է զինել ժողովրդին․ Սոչիում արձանագրվեց Սովետական Հայաստան նախագծի վերջի սկիզբը եւ Ռուսաստանի ռազմավարական նահանջի հերթական փուլը։ Առայժմ Պուտինի մայրենի լեզվով ու մի բառով՝ пронесло. շնորհակալություն բոլորիդ Ձեր համառ, հետևողական ու անզիջում պայքարի համար: Ապրեք...»։

Հաջորդ ելույթ ունեցողը՝ Վահե Գասպարյանը, նախ անդրադարձավ ԱԺԲ-ի ֆինանսավորմանը և նշեց, որ իրենք ոչ ոքից փող չեն ստանում՝ ո՛չ «Սորոսից», ո՛չ Պետդեպից։ Ապա անդրադարձավ Սոչիի հայտարարությանը, որտեղ խոսք չկա սահմանազատման իրավական հիմքի մասին, այսինքն՝ չի ասվում, որ այն պետք է արվի խորհրդային քարտեզներին համապատասխան։ Սա, ըստ Վահե Գասպարյանի, արդեն նշանակում է որ Պուտինը ստիպված նահանջում է և հրաժարվում է «Սովետական Հայաստանի» պրոյեկտից։ Արևմուտքը սահուն կերպով Հայաստանը և Վրաստանը պոկում է։ «Պայքարը շարունակվում է»,- եզրափակեց գործիչը։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ այժմ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման գործընթացը սկսված է, և եթե ճիշտ օգտագործենք մեր հնարավորությունները, կարող ենք բավականին հաջողությունների հասնել։ Նրա գործընկեր Վարուժան Ավետիսյանն էլ վստահ է, որ Պուտինը ռազմավարական նահանջի հերթական փուլի մեջ է, ուզում են ձեռք օգնել, բայց չի ստացվում․ գնալով Ռուսաստանի ազդեցությունը նվազում է։

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն էլ շեշտը դրեց Ժողովրդի անվտանգության վրա, որը, ըստ նրա, ամենակարևորն է ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում